Փորձագետների գնահատմամբ՝ քրեական գործը հարուցվել էր բացահայտ շինծու մեղադրանքով:
Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային հուժկու քննադատությունների թիրախում: Պատճառն այս անգամ իրավապաշտան ամուսինների՝ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավարության ավարտն ու դատավճռի հրապարակումն է: Բաքվի դատարանը 8.5 տարվա ազատազրկման էր դատապարտել Լեյլա Յունուսին եւ 7 տարվա ազատազրկման՝ Արիֆ Յունուսին:
Փորձագետների գնահատմամբ՝ քրեական գործը հարուցվել էր բացահայտ շինծու մեղադրանքով՝ ֆինանսական մեքենայություններ, հարկերից խուսափում, փաստաթղթերի կեղծում եւ այլն: Մինչդեռ հետապնդման իրական պատճառը զուտ քաղաքական է եւ կապված է իրավապաշտպանների մասնագիտական գործունեության հետ: Տեղի ունեցածի կապակցությամբ խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն էլ Ադրբեջանի իշխանություններից լիարժեք տեղեկատվություն է պահանջել դատավարության եւ մեղադրյալների դեմ ներկայացված ապացույցների վերաբերյալ: Յագլանդը նաեւ նշել է, որ դատավճիռը, ի վերջո, կարող է քննարկվել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: