Հրադադարի ամենօրյա խախտումներն իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից:
Սահմանին Ադրբեջանի նախաձեռնած չդադարող լարվածության հետեւանքով հայկական կողմը զոհ ունի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջով տեղեկացրել է, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Կարեն Հովհաննիսյանը: «Ցավոք, այսօր զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Կարեն Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միեւնույն է՝ ոչինչ անպատասխան չի մնալու»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմից արձակվող կրակոցների առթիվ հայտարարություն է տարածել նաեւ Պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Արցախի ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականենատերից: Պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը»,- ասվում է հայտարարության մեջ: