21 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Խաբարովսկի երկրամասում միջքաղաքային ավտոբուսների բախման հետեւանքով 16 մարդ է մահացել: 21 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Եւս 40 մարդ դեռ շարունակում է արգելափակված մնալ: Փրկարարները փորձում են նրանց դուրս բերել ավտոբուսներից: Ընդհանուր առմամբ՝ երկու ավտոբուսներում 73 մարդ է եղել: Վթարը տեղի է ունեցել Խաբարովսկ-Ամուրի-Կոմսոմոլսկ մայրուղում: Նախնական վարկածով վթարի պատճառն արագության գերազանցումն է:
Մեկ այլ վթար է գրանցվել Հնդկաստանի Մադհա Պրադեշ նահանգում, այս անգամ՝ երկաթուղային: Երկու գնացք դուրս է եկել գծերից ու ընկել Մաչակ գետը: Ըստ վերջին տվյալի՝ 30 ուղևոր է զոհվել: Ջրասուզակների օգնությամբ 300 մարդու հաջողվել է փրկել: Հնդկաստանի երկաթուղային ճանապարհների պաշտոնական ներկայացուցչի խոսքով, վթարի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով բարձրացել է գետի ջրի մակարդակն ու թուլացրել կամրջի հիմքերը: Հնդկաստանի երկաթուղային ճանապարհները, չվերանորգվելու պատճառով, համարվում են աշխարհի ամենավտանգավոր ուղիներից մեկը: Միայն անցյալ տարի երկաթուղային վթարներն այդ երկրում 25 000 մարդու կյանք են խլել:
Վթարներից անմասն չի մնացել նաև ծագող արևի երկիրը։ Ճապոնիայում էլ 350 000 ուղևոր է տուժել Տոկիոյի մոտ գտնվող Յոկոհամա բնակավայրում: Վթարային վիճակը ստեղծվել է երկաթուղային համակարգի կախովի մալուխի կարճ միացման հետևանքով: Վթարի պատճառով կասեցվել է երթևեկությունը ևս երկու երկաթուղային գծով: Ամառվա այս տապին ուղևորները ստիպված են եղել ոտքով հասնել նշանակետերը: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ էին, որոնք պատրաստվում էին դիտել հրավառությունը: Ամեն տարի մոտ 200 000 մարդ է մասնակցում այդ միջոցառմանը, որի ժամանակ ճապոնացիներից շատերը ներկայանում են ամառային կիմանոներով: