«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը:
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում:
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:
Միքայելը 2013-ից մասնակցում եւ ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը: Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Նա նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր: 2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը: Նրա երգերին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ ու այստեղ։
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ -2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը և այլն: