Առաջին անգամ Նովենցի դեմքը կինոյում տեսան Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմում:
Պայթյունավտանգ և բուռն Գալյա Նովենցը մորական արմատներով Տիգրանակերտից էր՝ ավանդապաշտ ու պարզ ընտանիքից: Մորաքույրը՝ մեկ այլ հանրահայտ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանը՝ Խորեն Աբրահամյանի առաջին կինն էր: Դպրոցն ավարտելուց հետո Գայլան սովորեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Այդ շրջանում թատերականի միջանցքներում դաս էին խանգարում, բարձր ծիծաղում ու իրենց խաղով փայլում Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը և դերասանուհու ապագա ամուսինը՝ Երվանդ Ղազանչյանը: Բոլորը միասին սովորում էին Արմեն Գուլակյանի արվեստանոցում:
Առաջին անգամ Նովենցի դեմքը կինոյում տեսան Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմում: «Բարև, Ես եմ» ֆիլմը շատ դերասանների համար դեբյուտային եղավ: Նրանց շարքում էին Գալյա Նովենցը և Արմեն Ջիգարխանյանը: Կինոյին իր բարևը տալուց հետո հայտնվեց սարերում՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, հետո՝ «Այստեղ՝ խաչմերուկում», «Նահապետը», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ Աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում:
Սիրանուշի կերպարը հայ հանդիսատեսին մեկ խինդ, մեկ տխրություն էր պարգևում: Բայց դերն ի սկզբանե Գալյա Նովենցի համար չէր նախատեսված: Ալբերտ Մկրտչյանը ցանկանում էր այն տալ վրացի դերասան Սոֆիկո Ճիաուրելիին: Նովենցն արդեն ծանոթացել էր սցենարին, հավանել կերպարը: Երբ իմացավ, որ դերն իրենը չէ, այնպիսի հուզումնառատ պոռթկում ունեցավ, որ Ալբերտ Մկրտչյանը հասկացավ՝ Գալյան Սիրանուշն է:
Մանրամասները՝ տեսանյութում