Տոնը նշվում էր համաժողովրդական հանդիսություններով. Աստղիկին վարդեր էին նվիրաբերում, աղավնիներ բաց թողնում և, իհարկե, միմյանց վրա ջուր ցողում:
Վարդավառի արմատները գալիս են դեռևս հեթանոսական շրջանից: Հնում այս տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի անվան հետ: Տոնը նշվում էր համաժողովրդական հանդիսություններով. Աստղիկին վարդեր էին նվիրաբերում, աղավնիներ բաց թողնում և, իհարկե, միմյանց վրա ջուր ցողում:
Այս տարի տոնի առթիվ Երիտասարդական ակումբների դաշնությունը հուլիսի 12-ին կանցկացնի թվով երկրորդ «Վարդավառ» միջազգային փառատոնը: Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մաս կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը հավաստիացնում է, որ այս տարի իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ՝ զարկ տալով հայկական մշակույթի քարոզչության, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման համար:
Ծրագրում ընդգրկված են ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի կատարումներ և ազգային ավանդական խաղեր: Փառատոնի տեղացի և օտարերկրացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նաև Վարդավառի ավանդական ջրոցիին:
Մանրամասները՝ տեսանյութում