Կինոմաններն ու մեծ էկրանի նորություններով հետաքրքրվողներն անհամբեր սպասում են այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնին:
Կինոմաններն ու մեծ էկրանի նորություններով հետաքրքրվողներն անհամբեր սպասում են այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնին: Ամենամյա 12-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-ից 19-ը: Ինչպես նախորդ 11 տարիներին, այնպես էլ այս տարի փառատոնը Երեւան կբերի հայտնի կինոգործիչների, կառաջարկի տեսնել երկար սպասված ֆիլմերն ու քննարկել դրանք, բացահայտել կինոյի հին ու նոր դեմքերին:
Ի՞նչ դիտել մեծ էկրանին
Մրցութային կարճամետրաժ ֆիլմերի 4 անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ», ներկայացվել է 1 600 հայտ 105 երկրներից: Այս տարի փառատոնը կբացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը, կփակի Համո Բեկնազարյանի «Նամուսը»:
Կցուցադրվեն աշխարհի ամենահեղինակավոր փառատոների այս տարվա դափնեկիր ֆիլմերը: Համաշխարհային կինովարձույթում հաջողություն գրանցած ժապավենները հայ հանդիսատեսին կներկայացվեն «Երեւանյան պրեմիերա» ծրագրում: Տեղի կունենա նաեւ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Տաքսի» ֆիլմի երեւանյան պրեմիերան:
Ո՞վքեր են տարվա սպասված հյուրերը
«Ոսկե ծիրանի» այս տարվա հատուկ հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Օռնելա Մուտին եւ Նաստասյա Կինսկին: Ի դեպ, հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է հենց Կինսկիի մասնակցությամբ ֆիլմերին: Փառատոնի շրջանակում Երեւան կժամանի նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն:
Ովքե՞ր են դատելու ֆիլմերը
«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի Ռոբեր Գեդիկյանը (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթը»՝ Մարեկ Հովորկան (Չեխիա), «Կորիզը»՝ Հովիկ Հաբեշյանը (Լիբանան), «Հայկական համայնապատկերը»՝ Ալեքսանդր Գրոզեւը (Բուլղարիա): Ժյուրիի կազմում ընդգրկված ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հայտնի կինոգործիչներ:
Ի՞նչ անակնկալների սպասել
Փառատոնի կազմակերպիչներն այս տարի մեծ տեղ են հատկացրել հայկական կինոյի լեգենդներին: Ցուցադրություններ կլինեն նվիրված Հենրիկ Մալյանի եւ Հենրիկ Մարգարյանի 90, Լեւոն Աթոյանցի 85 եւ Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին:
Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք», օպերատոր Լեւոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան», ինչպես նաեւ Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմերը: Անդրադարձ կլինի հայ եւ օտարերկրացի կինոռեժիսորների՝ Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմերին:
****************
Կինոփառատոնը հիմնադրվել է 2004-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: Ամեն տարի փառատոնի բացման ժամանակ տեղի է ունենում ավանդական ծիրանօրհնեքը: