Առաջին ալիքը որոշեց հանդիպել նրա գործընկերներին, խոսել խստապահանջ, բայց առօրյա կյանքում կատակասեր ու կենսուրախ մարդու մասին:
Օրերս կյանքից հեռացավ շախմատային մեկնաբան, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքը որոշեց հանդիպել նրա գործընկերներին, խոսել խստապահանջ, բայց առօրյա կյանքում կատակասեր ու կենսուրախ մարդու մասին:
Վանիկ Զաքարյան, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, մաթեմատիկոս
Գագիկ Հովհաննիսյանին ճանաչում եմ 1960-ականներից: Նա 16 տարեկանում արդեն վարեց Տիգրան Պետրոսյան-Միխայիլ Բոտվիննիկ հանդիպումը: Երկար տարիներ Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր: Մեր աշխատանքը փոխկապակցված էր, գրեթե ամեն օր շփվում էինք, մասնակցում էինք ՖԻԴԵ-ի կազմակերպած բոլոր մրցաշարերին, եղել ենք 40-ից ավելի երկրներում: Ամբողջ կյանքը նա նվիրեց շախմատին, «Շախմատ-64»-ը համաշխարհային սպորտային լրագրության ֆենոմենալ հաղորդումներից էր, որը մի քանի տասնամյակ անընդմեջ հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ:
Նաղաշ Մարտիրոսյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
1984-ին ընդունվեցի Երեւանի պետական համալսարան, Գագիկ Հովհաննիսյանը մի քանի տարի դասավանդեց մեր կուրսին, հետո եղավ դիպլոմային ավարտական աշխատանքիս ղեկավարը: 1991-ից ուսանող-դասախոս փոխհարաբերությունները փոխվեցին, ես էլ սկսեցի դասավանդել: Այդ ժամանակ ավելի հաճախ էինք շփվում: Աշխատանքում բացառիկ ճշտապահ էր, երբեք չէր ուշանում, չէր թողնում, որ ուսանողը սպասի իրեն: Թեպետ աշխատանքային ընկերներ էինք, բայց միշտ ընդունել են նրան որպես ուսուցիչ, իր գործի մեծ վարպետ:
Մելիք Մայիլյան, «Շախմատ-64» հաղորդաշարի ռեժիսոր
1990-ին եկա հեռուստատեսության սպորտային խմբագրություն: Չորս տարի անց հաղորդաշարի ռեժիսորի պարտականությունները տվեցին ինձ: 21 տարի գրեթե ամեն կիրակի ուղիղ եթեր ենք ապահովել: Շատ եմ համոզել, որ հաղորդաշարը նախօրոք նկարենք, կիրակի օրերը հանգստանանք. չէր համաձայնում: Մինչեւ վերջին րոպեն սցենարում փոփոխություններ էր անում, հետեւում ամեն մանրուքին: Հաղորդումներն առանց ընդհատումների ու խոտանների տասնամյակներ շարունակ եթեր ենք հեռարձակել:
Գաբրիել Սարգսյան, գրոսմայստեր, Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն
Գագիկ Հովհաննիսյանի հետ առաջին հանդիպումս 6 տարեկանում էր՝ 1989-ին: Ես ու մայրս եկանք Շախմատի տուն, պատահաբար հանդիպեցինք վարպետին: Սովորեցրեց շախմատի առաջին կանոնները, նրա միջոցով սիրահարվեցի սպորտաձեւին ու մեծ հաջողությունների հասա: Մեզ հետ մասնակցում էր բոլոր մրցաշարերին ու համակարգում նաեւ մամուլի աշխատանքը: Արագ կողմնորոշվելու բացառիկ ունակություն ուներ, վայրկյանների ընթացքում կարողանում էր վերլուծել իրավիճակն ու գնահատել շախմատիստների խաղերը:
Լիլիթ Մկրտչյան, գրոսմայստեր, Հայաստանի կանանց հավաքականի անդամ
Փոքր էի, երբ ընդգրկվեցի հավաքականի կազմում ու ճանաչեցի Գագիկ Հովհաննիսյանին: Մեզ հետ էր ամեն մրցաշարի մեկնելիս, ուրախանում էր հաջողություն տեսնելիս ու ցավում մեր պարտություններով: Լրագրողական աշխատանքում նման պրոֆեսիոնալի դեռ չեմ հանդիպել, յուրաքանչյուր անհաջող ելույթ կարողանում էր ներկայացնել դրական ֆոնի տակ, ամեն սխալ քայլ մեկնաբանել յուրովի: Ամենուր մի դրական բան էր գտնում: Դա հույս էր տալիս շախմատիստին ու ոգեշնչում հաջորդ մրցույթների համար:
Աշոտ Վարդապետյան, միջազգային կարգի մրցավար
70-ականների սկզբին դեռ շախմատիստ էի, հանդիպում էի նրան մրցույթների ժամանակ: Ավելի մոտիկից սկսեցի ճանաչել, երբ Երեւանի ֆեդերացիայի նախագահն էի: Միասին մասնակցել ենք Հայաստանում ու արտասահմանում անցկացվող մրցաշարերին, գավաթների խաղարկություններին ու առաջնություններին: Գագիկ Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում հայտնի դեմք էր, քչերն են կարողացել 54 գիրք գրել ու մի քանի տասնամյակ շախմատային հաղորդաշար վարել ու թերթ թողարկել: Հենց նրանից էինք լսում ամբողջ աշխարհում ապրող հայ շախմատիստների մասին: Պրպտում, այստեղից-այնտեղից ինֆորմացիա էր հավաքում ու տեղեկացնում շախմատասերներին:
Կարեն Գիլոյան, սպորտային մեկնաբան
Գագիկ Հովհաննիսյանին անձամբ սկսել եմ ճանաչել 1995-ին, երբ ընդունվեցի ԵՊՀ: Սկզբում թվում էր, թե իմ ճանաչած ամենախստապահանջ մարդն է: Բայց հետո նրա հետ աշխատելիս հասկացա, որ կատակասեր ու կենսուրախ անձնավորություն է: Նա այն հեռուստամեկնաբաններից էր, որն ուներ ժամանակի բացառիկ ընկալում: Նրան պետք էր ասել՝ պարոն Հովհաննիսյան, դուք ունեք 45 վայրկյան: Եվ ուղիղ վերջին վայրկյանին առանց ժամացույցին նայելու ավարտում էր ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդումն արտագնա խաղերից: Ինչպես բոլոր պրոֆեսիոնալները, նա եւս սիրում էր աշխատել ուղիղ եթերում: Պահում էր հաղորդաշարի ռետրո ոճը, ասում էր՝ համ ու հոտ է տալիս կադրին: