Ծրագրի շրջանակում անցկացվում է «Կարեւոր է կյանքի առաջին 1000 օրը» լուսանկարչական ցուցահանդեսը:
Լուսանկարում պատկերված կինը փոքրիկի տատիկն է: Ֆոտոսեսիայի ժամանակ լուսանկարիչը սպասում էր երեխայի մորը: Պետք էր նկարահանել մանկահասակ երեխայի լոգանքը: Սակայն մայրն այդպես էլ չեկավ: Գյուղական բնակավայրերում ընդունված ավանդույթի համաձայն՝ մայրն իրավունք չունի լողացնել փոքրիկին:
Այդ պարտականությունն իրենց վրա են վերցնում տատիկներն ու ընտանիքի այլ՝ տարիքով ավելի մեծ կանայք: Լուսանկարում ֆիքսված է այն պահը, երբ կինը լոգանքից հետո ոտքերից բռնած թափահարում է երեխային: Տարիներով եկող այդ ավանդույթն իրականում կարող է վնասել փոքրիկին ու տարիներ անց առողջական խնդիրներ առաջացնել:
Ասում են՝ մարզերում մինչեւ օրս երեխաներին բարուր են անում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկահասակ երեխաներին բարուրելու արդյունքում կարող են առաջանալ հենաշարժողական ապարատի հիվանդություններ ու այլ բարդություններ: Մինչդեռ շատ ընտանիքներ դեռ հետեւում են այդ հնացած մեթոդին ու ակամայից վտանգում երեխայի առողջությունը:
Այս եւ երեխայի խնամքի հետ կապված այլ սխալ պատկերացումները վերացնելու համար «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրով 2014-ից միջոցառումներ են կազմակերպում ՀՀ մարզերում: Նախաձեռնությունն իրականացնում են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը( UNICEF), Վորլդ Վիժն Հայաստանն ու Առողջապահության նախարարությունը:
Ծրագրի շրջանակում դասընթացներ, սեմինարներ ու խորհրդատվություններ են անցկացվում Հայաստանի 10 մարզերում: Ինչպես նշում է միջոցառման հաղորդավար, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» ծրագրի հաղորդավար Մերի Ներսիսյանը, ծնողներին ու ապագա մայրերին սովորեցնում են օգտվել ճիշտ սննդակարգից, պահպանել խնամքի կանոններն ու չմոռանալ կրծքով կերակրման մասին:
Ծրագրի շրջանակում անցկացվում է «Կարեւոր է կյանքի առաջին 1000 օրը» լուսանկարչական ցուցահանդեսը: Հայաստանի տարբեր մարզերում արված լուսանկարները ներկայացնում են հղի կնոջ եւ երեխաների օրվա ռեժիմը, սնուցումն ու խնամքը: 1000 օրը ներառում է հղիության 9 ամիսներից մինչեւ երեխայի 2 տարեկան ժամանակահատվածը: Հենց այդ ընթացքում են ձեւավորվում փոքրիկի դիմադրողականությունն ու սննդակարգի առանձնահատկությունները: