Հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին Ոստիկանությունը տեւական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը եւ խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ: Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու Ոստիկանության լիազորության մասին: Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում: Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:
Այնուամենայնիվ, բանակցությունները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում Ոստիկանությունը ուժ է կիրառել: Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ:
Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաեւ լրագրողներ: Նրանք հետեւողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու եւ Ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ»: