Ուղիղ 80 տարի առաջ՝ 1935-ին, ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց, որ նոր-նոր վերածնվող Երեւանին Բուսաբանական այգի է հարկավոր:
Ուղիղ 80 տարի առաջ՝ 1935-ին, ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց, որ նոր-նոր վերածնվող Երեւանին Բուսաբանական այգի է հարկավոր: Այն ժամանակ քաղաքի ծայրամասում, այսօր արդեն ամենաբնակեցված տարածքներից մեկում՝ Նոր Նորքի ու Ավանի հարևանությամբ, 100 հեկտարից ավելի տեղ հատկացվեց: Ծառեր գրեթե չկային, դժվար էր պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի անց նույն տեղում հսկայական այգի կլինի:
Բույսեր՝ ամբողջ աշխարհից
Երեւան բերվեցին Խորհրդային Միության ու Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի էնդեմիկ բույսերն ու ծառատեսակները՝ Ասիայից մինչեւ Հյուսիսային Ամերիկա: Նույն վայրում կառուցվեց նաեւ Գիտությունների Ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը: Այն, ի դեպ, մինչ օրս էլ զբաղվում է հազվագյուտ բույսերի ու ծառերի ուսումնասիրությամբ ու պահպանմամբ:
Երբեմնի փառքը՝ միայն հիշողություններում
Ցավոք, Բուսաբանական այգին իրավաբանորեն արդեն մի քանի տարի գոյություն չունի: Նույն վայրում գործող երկու հաստատություններում կրճատումներ եղան, այգու խնամքը հանձնվեց ինստիտուտի գիտաշխատողներին ու մեկ տասնյակի հասնող բանվորներին:
Այգու փոքրաթիվ նվիրյալները
Տիկին Էլմիրան Բուսաբանականի աշխատակիցներից է: Ամեն օր խնամում է բույսերը, պլաստիկ շշերով ջուր հավաքում, որ ջրի ոռոգման ցանցից դուրս մնացած ծառերը: Նա հոգատար է ոչ միայն բույսերի, այլեւ այգում բնակվող թռչունների նկատմամբ: Հիվանդ այս ագռավին նա գտել էր թփերի արանքից, խնամել ու առողջացրել:
Բուսաբանականի հպարտություն վարդանոցը
Խորհրդային տարիներին վարդանոցը Բուսաբանական այգու հպարտությունն էր: Հետո բույսերն առանց ջուր մնացին ու չորացան: 2011-ին Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ վարդանոցը նոր շունչ ստացավ, 16 տեսակի հարյուրավոր ծաղիկներ բերվեցին, ոռոգման առանձին ցանց անցկացվեց: Գրետա Ղուկասյանը վարդանոցի «տիրուհին» է, երկու աշխատողների հետ աչքի լույսի պես պահում է այգու, կարելի է ասել, միակ բարեկարգ հատվածը:
Բուսաբանականի հարսներն ու փեսաները
Բուսաբանական այգին պայմանականորեն բաժանված է 4 մասի: Ներկայացված են հյուսիամերիկյան, եվրոպական, կովկասյան ու արեւելաասիական բուսատեսակները: Հայկական հատվածում առանձին բաժանում կա՝ Հայաստանի տարբեր մարզերի բույսերով ու ծառերով:
Տերովին տերը տարավ, անտերին՝ գելը
Անկախացման տարիներին Բուսաբանական այգու որոշ հատվածներ սեփականաշնորհվեցին: Այժմ 80 հա տարածք զբաղեցնող տարածքը բազմաթիվ խնդիրներ ունի՝ ջերմատների ջեռուցում, ոռոգման համակարգ, պահպանության ծառայություն եւ այլն: Ձմռանը նույնիսկ ծառահատումների դեպքեր են գրանցվում:
Լուծում պահանջող խնդիրներ
Տնօրինությունն ամեն տարի սպասում է բյուջետային հատկացումների՝ գոնե մասամբ լուծելու այգու բազմաթիվ խնդիրները: Բուսաբանականին երկրորդ շունչ տալու ծրագիրն այժմ միայն թղթի վրա է, թղթապանակն էլ՝ տնօրենի կաբինետում: Խնդիրների լուծման տարբերակներից մեկն էլ բարերարների ու մասնավոր կազմակերպությունների օգնությանը դիմելն է: Բազմիցս նամակներ են ուղարկել, առայժմ՝ բոլորն էլ անպատասխան: