Ի՞նչ գիտենք մենք Երեւանի Բուսաբանական այգու մշտական բնակիչների մասին։
Ի՞նչ գիտենք մենք Երեւանի Բուսաբանական այգու մշտական բնակիչների մասին։ Այս հարցը գրկած՝ այցելեցինք այգի ու գիտաշխատողների հետ առանձնացրեցինք 10 բացառիկ բույսեր ու ծաղիկներ: Դրանց որոշ մասը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, որոշ մասն էլ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են բերվել դեռ խորհրդային տարիներին:
Յուկա
Հյուսիսամերիկյան Յուկա բույսը խորհրդային Երեւանում քիչ էր տարածված: Ամերիկա մայրցամաքում այս բույսի թելիկներից կոշտ գործվածք են պատրաստում, բայց Հայաստանում այն հիմնականում օգտագործվում է կանաչապատման համար:
Մահոնիա սովորականԲույսն աճում է հիմնականում Հյուսիսիային Ամերիկայում եւ Ասիայում: Սուր ծայրերով տերեւներ ունեցող բուսատեսակը բավական հեշտ հարմարվեց Հայաստանի կլիմային՝ պնդեցին բուսաբանները:
Կեղծ հասմիկ
Սրնգենին կամ Կեղծ հասմիկը մի քանի մետր հեռավորությունից իրեն զգացնել է տալիս՝ յուրահատուկ ու գերող բույր արձակելով: Ու հենց այդ պատճառով էլ նրա ծաղիկներն օգտագործում են օծանելիք պատրաստելու համար:
Ջրաշուշան
Բուսաբանական այգու ջերմոցի փոքրիկ ջրավազանում աշխատակիցներն աչքի լույսի պես պահպանում են ջրաշուշանները: Ժամանակին բույսն աճում էր Հայաստանի շատ ջրամբարներում, հետո քիչ-քիչ վերացավ ու հիմա հազվադեպ է հանդիպում: Ջրաշուշանները հատկապես սիրված են այգու ամենափոքրիկ այցելուների կողմից:
Կակաչ արեւելյան
Կակաչի այս տեսակը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում: Մեծ ծաղկաթերթերով ծաղիկը հանդիպում է Հայաստանի լեռնային հատվածներում:
Գինկգո երկբլթակԱրեւելաասիական ծագում ունեցող բույս է: Տերեւներից պատրաստված եփուկն օգտակար է գլխուղեղի անոթների աշխատանքի խախտումների դեպքում: Ասում են՝ բուսաբուժությամբ հետաքրքրվողները հաճախ են այցելում Բուսաբանական այգի ու մի քանի տերեւ տանում:
Մասրենի կիսագնդաձեւ
Հայաստանում գրեթե ամենուր կարելի է մասրենիներ տեսնել: Սակայն այս մեկը շատ է տարբերվում մասրենու մնացած տեսակներից: Պտուղն էլ, ինչպես ասացին աշխատողները, փշոտ չէ, ինչպես իր «եղբայրներինը»։
Կտավատ
Դեռ Մ.Թ.Ա 4-5-րդ հազարամյակներում հայտնի այս բույսի թելերից գործվածք են պատրաստել: Կտավատի ձեթն ու բույսից պատրաստած դեղամիջոցները շատ են կիրառվում նաեւ բժշկության մեջ:
Սմիրնիոբսիս արմենա«Սմիրնիոբսիս արմենան» օտարահունչ անունով հայկական էնդեմիկ բուսատեսակ է: Յուրահատկությունը նրա ծաղկման հաճախականությունն է: Ոչ ոք չգիտի՝ երբ կծաղկի այն՝ մեկ, երկու կամ էլ հինգ տարի հետո: Ծաղկելուց հետո հաջորդ տարի բույսը մահանում է:
Ոզնափուշ
Տափաստանային բազմամյա այս բույսը հարմարվում է ցանկացած միջավայրում, ոռոգման կարիք առանձնապես չի զգում ու հարմարվում է ցանկացած կենցաղային պայմաններին: