Սայաթնովագետ Իշխան Ստեփանյանի հետ առանձնացրինք մեծ բանաստեղծի հետ կապված վիճելի փաստերից, լեգենդներից ու պատմություններից մի քանիսը:
Սայաթ-Նովայի անձի ու գործունեության շուրջ երբեք էլ չի եղել բուռն բանավեճերի, տարակարծությունների ու մասնագիտական քննարկումների պակաս: Նրա հետ կապված ամեն փաստ՝ ծննդյան կամ մահվան տարեթիվ, անձնական կյանքից մինչեւ ստեղծագործությունների հասցեատեր, դարերի ընթացքում տարբեր մենկաբանություններ են ստացել: Սայաթնովագետ Իշխան Ստեփանյանի հետ առանձնացրինք մեծ բանաստեղծի հետ կապված վիճելի փաստերից, լեգենդներից ու պատմություններից մի քանիսը:
1. Ե՞րբ է ծնվել
Սայաթ-Նովայի ժառանգության առաջին ուսումնասիրող Գեորգի Ախվերդյանի հաշվարկներով՝ նա պետք է որ ծնված լինի 1712-ին: Առանձին ուսումնասիրություն է կատարել նաեւ Հովհաննես Թումանյանը՝ կանգ առնելով 1713-ի վրա: Տարածված է նաեւ Սայաթ-Նովայի ծննդյան 1722 թվականի վարկածը: Սա, ըստ Իշխան Ստեփանյանի, հորինված թիվ է՝ համատեղելու Սայաթ-Նովայի եւ վրաց արքայադուստր Աննա Բատոնաշվիլու ծննդյան տարեթվերը: Նման կերպ խորհրդային բանասերները ցանկանում էին առաջ տանել Սայաթ-Նովայի եւ Աննայի սիրավեպի վարկածը:
2. Ո՞վ էր նրա «սիրեցյալը»
Դպրոցական ու բուհական ծրագրերում գերակշռում է Սայաթ-Նովայի եւ վրաց Հերակլ Երկրորդ արքայի քրոջ՝ Աննայի սիրո վարկածը: Գեորգի Ախվերդյանը Թիֆլիսի հին թաղերում հարցուփորձ անելիս ծերունիներից նման անուն չի լսել: Վարկածն ի հայտ է եկել խորհրդային տարիներին: «Աղքատը սիրեց արքայադստերը» պատմությունն այդ տարիների ստեղծագործություններում տասնյակ անգամներ է հանդիպում: Թիֆլիսի ծերունիներից ոմանք բերնեբերան լսել են միայն, որ կար Դալիթա անունով մի հույն աղջիկ, ում Սայաթ-Նովան խաղեր էր նվիրում: Թուրքերեն խաղերից մեկում բանաստեղծը գրում է. «Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ դիվադադար արեց»:
3. Ինպե՞ս ու ինչո՞ւ Սայաթ-Նովան վտարվեց պալատից
Կարծիք կա, որ բանաստեղծին Հերակլ Երկրորդ արքայի պալատից վտարել են Աննայի հանդեպ ունեցած սիրո պատճառով: Պնդումը, ըստ սայաթնովագետ Իշխան Ստեփանյանի, սխալ է: Սայաթ-նովան վրացերով մի շարք ծաղրական ու քննադատական երգեր ունի՝ նվիրված Անտոն կաթողիկոսին, Վախթանգ արքայազնին ու այլոց: Բանաստեղծն իր կատակներով եւ զվարճախոսություններով,հավանաբար, չափն անցել է ու վտարվել: Վրացական արքունիքում սազանդարի եւ զվարճախոսի պատվավոր պաշտոնը զբաղեցնող աշուղն իր խաղերից մեկում գրում է. «Ո՞ւմ մեղադրեմ, ինչի՞ց եղավ, էս ամենն իմ խելքից եղավ»:
Բացի այդ, նրա կրտսեր որդին՝ Օհանը, վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով 1823-ին Պետերբուրգում կազմում է հոր երգերի ժողովածուն: Դժվար թե արքայական ընտանիքից որեւէ մեկը նման պատվեր տար՝ հաշվի առնելով Սայաթ-Նովայի ենթադրյալ «անարգանքը» թագավորական տան հանդեպ:
4. Սայաթ-Նովան Հաղպատի Տեր Ստեփանո՞սն է
Տարածված կեղծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգեւորական են դարձրել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Մինչդեռ նա միշտ էլ կապ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Փոքր հասակում երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետեւ տարբեր աստիճաններով ծառայել եկեղեցում: Կյանքի վերջին շրջանում ապրել է Հաղպատի վանքում:
5. Ինչի՞ մասին էր երգում արքունական երաժիշտը
Սայաթ-Նովան իր երգերում գովաբանում է կնոջ գեղեցկությունը, արտաքին գրավչությունն ու բնավորության տարբեր գծերը: Թե ո՞վ էր աշուղի մուսան, դեռ ոչ ոք մինչեւ վերջ չի ապացուցել: Հայտնի է միայն, որ Սայաթ-Նովան պարսիկ սուֆիների հետեւորդ էր: Դա երեւում է նաեւ բանաստեղծի տաղաչափական հանգերից ու գրական լեզվից: Սուֆիզմում հիմնական գաղափարը Աստծո միստիկական ճանաչողությունն է: Հետեւաբար, կնոջ տեսքով Սայաթ-Նովան, հավանաբար, փառաբանում էր Արարչին:
6. Ո՞րն էր Սայաթ-Նովայի երկրորդ մասնագիտությունը
Բանաստեղծի՝ 170-ի հասնող խաղերից մոտ 4 տասնյակը թվագրված է հստակ ամիս-ամսաթվով: Դատելով երգերի ստեղծման ժամանակագրությունից՝ Սայաթ-Նովան ստեղծագործել է մարտից մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Տարվա հենց այդ շրջանում էին կազմակերպվում թիֆլիսյան խնջույքներն ու պալատական կյանքի զվարճանքները: Ձմռանը ընտանիքը պահելու համար, հավանաբար, զբաղվել է ջուլհակությամբ: Հայերեն տաղերից մեկում գրում է. «Շատ էլ արհեստավոր եմ, անգործ մի ջուլհակ, արածդ ինձ վայել չէ, յար, այ յար»:
7. Որո՞նք են բանաստեղծի մահվան վարկածները
Ըստ Սայաթ-Նովայի կենսագիր Գեորգի Ախվերդյանի՝ աշուղը Թիֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ՝ 1795-ին: Այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր եւ հազիվ թե զենք բռներ ու կռվեր պարսից զորքերի դեմ: Վրացական աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Իոնե Խելաշվիլի անունով մի աբեղա Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում է ծերունի Սայաթ-Նովային: Դեպքը վերագրվում է 1800 թվականին: Հետեւաբար, կասկածելի է նաեւ Թիֆլիսի պատերի տակ զոհվելու վարկածը: