Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի ցուցանմուշները:
Սարդարապատի հուշահամալիրի գաղափարը ծնվեց գրականագետ Հրանտ Թամրազյանի տանը հերթական խնջույքներից մեկի ժամանակ: Մի քանի բաժակ խմելուց հետո, սովորության համաձայն, տանտերը հյուրերի՝ Հրաչյա Քոչարի ու Հոկտեմբերյանի Շրջկոմի առաջին քարտուղար, պատմաբան Վլադիմիր Դարբինյանի հետ սկսում են հայրենասիրական երգեր կատարել: Հենց սեղանի շուրջ էլ խոսակցություն է բացվում Մայիսյան հերոսամարտերի ու Սարդարապատի ճակատամարտի մասին: Հրաչյա Քոչարն առաջարկում է հուշահամալիր կառուցել: Գաղափարը հասնում է Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ականջին, ու ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը հուշահամալիր կառուցելու առաջադրանք է ստանում:
Սարդարապատի թանգարանը 6500 ք/մ տարածքով ու մի քանի սրահից բաղկացած համալիր է: Ներկայացված են բրոնզեդարյան շրջանի գտածոներից մինչեւ 20-րդ դարի հրազեն, երկրագործական առարկաներ ու հայկական մշակույթին վերաբերող այլ իրեր: Սարդարապատի ճակատամարտին վերաբերող առանձին ցուցադրությունը թանգարանի զարդն է, հենց այդտեղից է սկսվում էքսկուրսիան: Ներկայացնում ենք առավել ուշագրավ ցուցանմուշներից մի քանիսը:
1. Նախնական էսքիզներ
Կառուցումը սկսվում է 1965-ին, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1968-ի մայիսի 25-ին: Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը մաս առ մաս ամբողջացրել է Հուշահամալիրի ու թանգարանի կառուցման դրվագները, գործում է նաեւ Ռաֆայել Իսրայելյանի մասին պատմող մշտական ցուցադրությունը:
Թանգարանի կառուցումը սկսվում է հուշահամալիրի բացման տարում՝ 1968-ին, տեւում ուղիղ 10 տարի. շենքը հանձնում են 1978-ի փետրվարին, երբ Ռաֆայել Իսրայելյանն արդեն մահացել էր:
2. Հայկական սնունդ
1980-ականներին բացված ցուցադրությունը ներկայացնում է լավաշի պատրաստման ընթացքը, հայկական հյուրասիրության ավանդույթներն ու տարածված սննդատեսակները:
3. Որսորդական պարագաներ
Զինագործությունն ու որսորդությունը թանգարանի ցուցադրության առանձին մաս են զբաղեցնում: Ներկայացված են 19-20-րդ դարերի զենքի նմուշներ՝ հավաքված Տավուշի, Սյունիքի եւ Արագածոտնի մարզերից:
4. Տարբեր շրջանների գոտիներ
Գոտին 18-20-րդ դարերում տղամարդկանց ու կանանց զգեստապահարանում կարեւոր տեղ էր զբաղեցնում: Դրանք քիչ էին տարբերվում իրարից, գոտիների որոշ տեսակներ կարող էին կրել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Արծաթյա ցուցանմուշները մինչ օրս զարմացնում են իրենց գեղեցկությամբ ու պատրաստման վարպետությամբ:
5. Զարդարվեստի բացառիկն նմուշներ
Երկրագործական ու կենցաղային առարկաներից, զենքերից ու առօրյայում օգտագործվող այլ առարկաներից բացի թանգարանում ներկայացված են նաեւ արդուզարդի առարկաներ: Մանր հուլունքաշարից ու գույնզգույն քարերից պատրաստված վզնոցները նունիսկ 21-րդ դարում աչք են շոյում:
6. Աստվածաշունչ, 1666 թ. Ամստերդամ
Գիդերը հատուկ ակնածանքով են ներկայացնում են հայկական տպագրության վաղ շրջանի գոհարներից մեկը՝ Ամստերդամում հրատարակված Աստվածաշունչը:
7. Երկրագործական առարկաներ
Հողագործությունը Ք.Ա 2-րդ հազարամյակում բավական զարգացած էր Հայաստանում: Տարբեր շրջաններից պեղված առարկաները ներկայացնում են գյուղացու առօրյա կյանքն ու զարգացած գյուղատնտեսությունը:
8. Վարդան Ջաղինյանի հեռադիտակը
Սարդարապատի ճակատամարտին մասնակցած 5-րդ բրիգադի առաջին գումարտակի հրամանատար Վարդան Ջաղինյանը շատ էր օգտվում այս հեռադիտակից: Ի՞նչ իմանար հրամանատարը, որ իրեն ծառայած հեռադիտակը մեկ դար անց թանգարանային նմուշ կդառնար:
9. Նավասարդ Վեզիրյանի «Մոսին» հրացանը
Թանգարանում պահվող զենքերից շատերը մինչ օրս հրաշալի վիճակում են: «Մոսին» հրացանը 19-րդ դարի ազատագրական շարժման խորհրդանիշն է: Սարդարապատի ճակատամարտում դրանք նույնպես օգտագործվեցին:
10. Հովհաննես Բալոյանի «Մաուզեր» ատրճանակը
Գերմանական «Մաուզեր» ատրճանակը պատկանել է հերոսամարտերի մասնակից Հովհաննես Բալոյանին: