Այլազգի սպաներից պահպանված եզակի լուսանկարներ ու կենսագրական որոշ տվյալներ:
1918-ի մայիսի 28-ին հայկական զորագնդերն ու աշխարհազորը դիմակայում էին թուրքական բանակի՝ թվով ու սպառազինությամբ գերակշռող ուժերին: Հայ զինվորի ու գյուղացու կողքին այդ օրերին կռվում էին նաեւ բազմաթիվ այլազգի զինվորականներ: Հերոսամարտի թանգարանում նրանց մեծ մասին անուն առ անուն գիտեն: Մեծադիր լուսանկարները փակցված են հայ զինակիցների նկարների կողքին:
Ներկայացնում ենք նրանցից պահպանված եզակի լուսանկարներ ու կենսագրական որոշ տվյալներ:
Ալեքսանդր Շնեուր
Սարդարապատի հերոսամարտին մասնակցած ռուս սպան հիմադրման պահից ղեկավարել է Հայաստանի առաջին Հանրապետության Գլխավոր շտաբի հետախուզական բաժինը:
Զինվորական նախարար Հ. Հախվերդյանի հրամանով նշանակվել է Հայկական հետեւակային դիվիզիայի շտաբի՝ հանձնարարությունների գծով սպայի պաշտոնում: Հանրապետության հիմնադրումից մեկ տարի անց նշանակվել է Գլխավոր շտաբի պետ: Զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարել անգլիացիների հետ:
Նիկոլայ Կլիչ
Կլիչը ծնվել է Կարսում՝ զինվորականի ընտանիքում, սովորել Երեւանի գիմնազիայում ու Թիֆլիսի կադետական կորպուսում: Առաջին աշխարհամարտին մասնակցող հրետանավորը 1917-ին արձակուրդ է ստանում ու գալիս Երեւան՝ ընտանիքի մոտ: Ստեղծված ռազմական դրության պատճառով Կլիչը մնում է Հայաստանում ու 1918-ի հունվարին միանում դաշնակցական բանակին: Առաջին Հանրապետության զինված ուժերում զբաղեցրել է հրետանային մարտկոցի ավագ սպայի, ապա՝ հրամանատարի պաշտոն:
Վլադմիր Սակիլարի
Հույն կապիտան Վլադիմիր Սակիլարին Սարդարապատի ճակատամարտում եղել է հրետանային մարտկոցի հրամանատար: 1920-ին արդեն հրետանային գնդի հրամանատար էր: Հանրապետության փլուզումից հետո միացել է բոլշեւիկներին, մասնակցել խորհրդային կարգերի հաստատմանն ու քաղաքացիական կռիվներին:
Վլադիմիր Պերեկրյոստով
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրային սպան, գնդապետ Վլադիմիր Պերեկրյոստովը Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եղել է է պարտիզանական գնդի հրամանատար: Մահացել է հենց նույն տարում՝ 1918-ին՝ ջրից թունավորվելով:
Ջհանգիր աղա
Ջահանգիր Խատիֆովը (Ջհանգիր աղա) Արեւմտյան Հայաստանի եզդիների առաջնորդներից էր: 20-րդ դարիսկզբից գլխավորել է հեծյալ ջոկատ: 1918-ին՝ թուրքական արշավանքի ժամանակ, Ջհանգիր աղայի աշխարհազորային ջոկատը Մոլլա-Բայազետ գյուղի մոտ զգալի վնաս է հասցրել թուրքական զորքին, այնուհետև մասնակցել Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտին: Նա հայկական զորքերի հետ փակել է թուրքերի ճանապարհներն ու հետ շպրտել Ալեքսանդրապոլ:
Տեղեկություններն ու լուսանկարները տրամադրել է Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը։