Ինչպե՞ս են ստեղծվել դրոշը, օրհներգը և զինանշանը գրեթե մեկ դար առաջ՝ 1918-ին, Առաջին հանրապետության կերտման օրերին:
Անցյալ դարում Հայաստանի անկախության հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից` 1918-ի մայիսին ու 1990-ի օգոստոսին: Եվ երկու անգամ էլ այն ընթերցել է Արամ Մանուկյանը. հետխորհրդային Հայաստանի պատգամավորների շարքում գտնվեց Առաջին Հանրապետության ժամանակների անվանակիցը: Պատմության երրորդ տասնամյակը թեւակոխող Հայաստանի Հանրապետությունը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականության խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել գրեթե մեկ դար առաջ՝ 1918-ին, Առաջին հանրապետության կերտման օրերին:
Ի՞նչ ենք ծածանում
Առաջին անգամ պաշտոնապես հայկական եռագույնը բարձրացվեց 1918-ի օգոստոսի 1-ին. Ազգային ժողովի բացման օրն առաջին անգամ ծածանվեց կարմիր-կապույտ-դեղին պաստառը: Անմիջապես հաջորդ օրը թերթերում լույս տեսավ կառավարական հրամանը, որը սահմանում էր բոլոր կազմակերպություններին պարտադիր եռագույն ունենալ:
Գույների ընտրության ժամանակ կանգ առան հայկական վերջին պետականության՝ Կիլիկիան թագավորության խորհրդանշի վրա: Կարմիրը, կապույտը և դեղինը զինվորական միավորումների գույներն էին, հետագայում դեղինը որոշեցին փոխել, քանի որ կարմիրի, կապույտի և նարնջագույնի համադրումն առավել ակնահաճո համարեցին:
Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը այլ տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը «ծիածանային» դրոշն էր: Սարյանը գրել էր. «Եռագույն դրոշներ շատ կան, մեզ՝ որպես արեւելյան ազգի, կսազի բազմագույն դրոշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»:
Առաջին Հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը գոյատևեց, ինչպես և հանրապետությունը, 2,5 տարի՝ մինչև 1920-ի նոյեմբերի 29-ը: Իսկ 1922-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը` վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերը:
ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձավ 1918-ի եռագույնը:
Ի՞նչ ենք երգում
«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859-ի հունիսին Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում: Նալբանդյանը գովերգում է հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին' նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:
Բանաստեղծությունը պատմում է 1857-ին իտալական Սարբիում տեղի ունեցած մարտերի մասին: Հերոս Ռիսոջիմենտո Կարլո Պիզականեի առաջնորդությամբ 300 հարյուր զինվորներ հարձակվեցին քաղաքի վրա: Նրանք մահացան իսպանական բուրբոնների գումարտակների դեմ մղված մարտերում:
1885-ի մարտի 15-ին՝ ուրբաթ օրը, թիֆլիսյան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» համաշխարհային պրեմիերան: Նալբանդյանի բանաստեղծության համար երաժշտությունը էր գրել երիտասարդ ինքնուս Խաչատուր Մարգարյանը՝ Քրիստափոր Կարա-Մուրզան, որը, ինչպես և Նալբանդյանը, խուսափում էր անունն ազդարարել. երաժշտության հեղինակը նշված չէ անգամ նոտաների բնօրինակի վրա: Ի դեպ, Բարսեղ Կանաչյանի անունը, որին այսօր վերագրում են հայկական օրհներգի երաժշտությունը, առաջին անգամ հայտնվել Կոմիտաս վարդապետի աշակերտների կողմից 1919-ին Կոստանդնուպոլսում լույս տեսած ժողովածուի վրա:
Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք»: 1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ Հանրապետության օրհներգը:
Ովքե՞ր են հսկում հայկական պետականությունը
Ալեքսանդր Թամանյանի ստեղծած զինանշանը Կառավարությունը հաստատեց 1920-ին: Թամանյանի ոգեշնչման աղբյուրը Տիգրան II-ի տարբերանշաններն են եղել, մատենագիրներ Խորենացու ու Բյուզանդի թողած վկայություներն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները եւ Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու 885թ-ին գահ բարձրացած Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Կենդանիների լոգոներ կան չորս թագավորական ընտանիքիների վահանների վրա՝ Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող կամ թագադրված առյուծ): Թամանյանի կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների՝ Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշերը:
Թամանյանի էսքիզում թագավորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիվ են թվում: Եվ դա բնական էր. թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ: Մինչ պատմաբաններն ու իրավաբանները կողմնորոշվում են նրբությունների հարցում, «զինանշանի գազաններն» արդեն երրորդ տասնամյակն է՝ պահակ են կանգնած հայկական պետականությանը:
Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են Հայաստանի ազգային արխիվի նյութերը