Հեռավոր 1960-ականների սկզբին ընկերական հավաքույթներից մեկին Հրաչյա Քոչարը սկսեց խոսել Սարդարապատի հերոսամարտից:
Հեռավոր 1960-ականների սկզբին ընկերական հավաքույթներից մեկին Հրաչյա Քոչարը սկսեց խոսել Սարդարապատի հերոսամարտից: Հայոց պատմության ամենավառ էջերից մեկը ասես խամրել էր, թեպետ այդ որոշիչ ճակատամարտից 50 տարի էլ չէր անցել: Հենց այդ երեկույթին էլ Հոկտեմբերյանի այն ժամանակվա շրջկոմի առաջին քարտուղարի մոտ միտք առաջացավ կառուցել ազատամարտի հերոսներին փառաբանող հուշահամալիր: Նրան խորհուրդ են տալիս դիմել Ռաֆայել Իսրայելյանին:
Ալեքսանդր Թամանյանի աշակերտը մեծ հպարտությամբ ընդունեց առաջարկը: Այն ժամանակվա համար սա նույնիսկ մարտահրավեր կարելի էր անվանել: Քանդակագործներ Սամվել Մանասյանի, Արա Հարությունյանի և Արշամ Շահինյանի հետ անցնում են գործի` մի կողմից պետք էր արտահայտել հայկական հերոսական շունչը, բայց մյուս կողմից էլ զգուշանում էին Մոսկվայի արձագանքից:
Շուրջ 5 տարի տևեց շինարարությունը: Ռաֆայել Իսրայելյանը գծագրերի մի ամբողջ հավաքածու ուներ: Շատ էր ուզում հերոսական թուր վերխոյացնել, բայց սա արդեն չափազանց կլիներ, բավարարվեցին արծիվներով և զանգակներով: Հերոսամարտի հաղթանակի 50-ամյակի օրը պետական այրերի և հազարավոր հյուրերի ներկայությամբ էլ բացեցին հուշահամալիրը: Ասում են՝ նույնիսկ ասֆալտը չէր հասցրել չորանալ:
Ռաֆայել Իսրայելյանը, սակայն, կարծում էր, որ ինչ-որ բան ամեն դեպքում պակաս է: Անապատի մեջտեղում հուշահամալիրը մի տեսակ ամայության մեջ էր: Ճարտարապետը ձեռնամուխ եղավ թանգարանի կառուցմանը: Այն պետք է ամբողջացներ հերոսամարտի հաղթական շունչը:
Մանրամասները՝ տեսանյութում