Հանրային հեռուստատեսության այգեպանն առաջին անգամ պատմեց իր աշխատանքի բոլոր գաղտնիքների մասին:
Երեք տասնամյակ նկարչությանն ու քանդակագործությանը կյանքը նվիրած Համլետ Հովհաննիսյանը 10 տարի առաջ ոտք դրեց Հանրային հեռուստաընկերություն. աշխատանք էր փնտրում: Առաջին հայացքից ստեղծագործական գործ չէր՝ Առաջին ալիքի այգին խնամակալի կարիք ուներ: Հավանեցին, ընդունեցին, բայց 30 տարի վրձին բռնած Համլետը չէր կարող բավարարվել միայն այգեպանի տեխնիկական աշխատանքով: Ստեղծագործական միտքը հանգիստ չէր թողնում նրան:
«Այգու տեսքը սրտովս չէր, խնամքի կարիք կար: Սկզբում չորացած տերեւներն ու ճյուղերը մաքրեցի, ծառերը էտեցի, տեսքի եկավ»: Բուսականությունը հարդարելուց հետո այգեպանն անցավ ստեղծագործելուն:
Նկարչի ու քանդակագործի տաղանդը Համլետին օգնեց թփերից եղնիկներ, ձիեր, ջայլամներ ու այլ կենդանիներ սարքել:
Հարյուրամյա կուժը
Եղեգնաձորում բնակվող եղբոր մառանում Համլետը գտավ այս կուժն ու բերեց Երեւան: Կոտրված մասերը սոսնձեց, բերեց այգի: Կուժն առաջին նմուշն էր, որից էլ սկսվեց այգեպանի ու այգու սիրո պատմությունը:
Կապույտ թռչուն
Այգու հաջորդ բնակիչը փոքրիկ կապույտ ճնճղուկն է: Նա այստեղ եկավ իր երեւանյան բնակարանից, երբ Համլետի թոռները մեծացան ու այլ խաղալիքներ ունեցան: Այգեպանը ճյուղերից վանդակ հյուսեց նրա համար: Կապույտ թռչունը շուտ ընտելացավ իր նոր շրջապատին: Ու հիմա նա ժպիտ է պարգևում ամեն առավոտ աշխատանքի շտապող Հանրայինի ժողովրդին:
Կենդանիներ՝ չորացած ճյուղերից
Այգում հավաքած չոր ճյուղերն ու փայտի կտորները չի թափում: Ասում է՝ դրանք հարմար նյութ են նոր կենդանի կամ թռչուն պատրաստելու համար: Այդպես ծնվեց, օրինակ, այս արագիլը:
Սելֆիասերների սիրելի վայրը
«Գարնանը ծառերը էտեցի, շատ ճյուղեր հավաքվեց: Կապեցի իրար, տախտակներ ու փայտե անիվներ գտա: Դիմացի թուփը կտրտեցի, դզեցի-փչեցի, դարձավ ավանակ ու շալակեց սայլը: Հաջորդ օրը տեսա՝ ջահելները գալիս նկարվում են, ասեցին՝ սելֆի ենք անում, չիմացա՝ ինչ բան է: Կարեւորը՝ հավանել են»:
Հանրայինի անմոռուկը
«Տարվա սկզբից ամեն տեղ տեսնում էի Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Ոմանք թղթից էին պատրաստում, շատերը փակցնում էին մեքենաների ապակիներին: Որոշեցի մեր այգում էլ անմոռուկ ունենալ: Հարմար տեղ գտա, մանուշակագույն ծաղիկներ, ու անմոռուկը պատրաստ էր: Կարծում եմ՝ լավ է ստացվել: Միայն ես չեմ այդպես կարծում, շատերն են գովել»:
Զամբյուղե եղնիկ
«Տանը մի պինդ զամբյուղ ունեի, բերեցի այգի, որ բերքը դրանով հավաքեմ: Աշնան վերջին պատի տակ դրված դատարկ զամբյուղը մի տեսակ խղճուկ տեսք ուներ: Նոր միտք ծագեց. մի շաբաթ հետո այգին եղնիկ ունեցավ, հետո գտա ջրի խողովակի երկու կտոր ու պոզեր սարքեցի: Երբ ծառերը բերք տան, զամբյուղն էլի կանցնի իր գործին»:
Անշառ սարդոստայն
«Երկար ճյուղերով մի ծառ կար, ձմռանը չդիմացավ ու ցրտահարությունից չորացավ, ստիպված էի կտրել: Երկար ճյուղերը հյուսեցի, դարձավ սարդոստայն, բայց առանց սարդի: Բայց ի՞նչ սարդոստայն առանց սարդի: Հյութի շիշը սեւ ներկեցի ու կպցրեցի ճյուղերին: Սարդոստայնը տեր էլ ունեցավ»:
Հանրայինի այգում նա տեր ու տիրակալ է, ամեն օր վաղ առավոտյան Համլետն ասես ոչ թե աշխատանքի է գալիս, այլ արվեստանոց՝ նոր գլուխգործոցներ արարելու: