«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ Genealogy խմբի անդամները ձայնագրել եւ նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը: Genealogy-ն երգում է բոլոր հայերի կողմից սիրված երգը` մեր ժողովրդի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: Երգը հանդիսատեսին ուրախ եւ հաղթական զգացողություններ է փոխանցում, «Եվրատեսիլ»-ից առաջ շեշտում հայի միասնական ոգու առանձնահատկության մասին:
Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. ինչպես Genealogy խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում:
«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: