Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին:
«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին: Սիրուշոն փորձերից մեկի ընթացքում անսպասելի այցելել է մասնակիցներին, ծանոթացել նրանց հետ, կիսվել իր եվրատեսիլյան փորձով ու տպավորություններով:
Երգչուհին, վերհիշելով իր մասնակցության տարում ունեցած ծանրաբեռնվածությունը, անվերջ ձգվող փորձերը, շրջագայություններն ու տպավորությունները, Genealogy խմբի անդամներին խորհուրդ է տվել կենտրոնանալ իրենց ելույթի վրա՝ չմտածելով որեւէ այլ բանի մասին: «Որքան էլ լավ անեք Ձեր գործը, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա պետք էր անել այլ կերպ: Պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա: Արեք այն, ինչ ձեր սիրտն է ասում եւ միտքը թելադրում. երգեք սրտի խորքից»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ մեծ հաճույք է լինել եվրատեսիլյան հյուրընկալ ընտանիքի անդամ:
Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել երգչուհուն՝ իրենց այցելելու եւ իր փորձով կիսվելու համար: Մասնակիցները նաեւ նշել են, որ կանեն առավելագույնը բեմում լավագույնս ներկայանալու համար. չէ՞ որ բեմում նրանք կլինեն ոչ թե 6 հոգով, այլ կներկայացնեն 13 մլն հայերի:
Հանդիպման ավարտին Genealogy խմբի անդամներն եւ Սիրուշոն միասին տարբեր
կատարումներով են հանդես եկել, վերհիշել ճանաչված ու սիրելի երգեր:
Հիշեցնենք, որ Սիրուշոն «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 2008-ին՝ ներկայացնելով «Քելե-քելե» երգը: Նրա գրավել է 4-րդ հորիզոնականը: Այժմ էլ Սիրուշոն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Վերջերս նա ներկայացրել է “Where were you” («Կգա մի օր») երգը։