Լուսանկարներն արվել են «Մարաշլյան» ֆոտոստուդիայում, լուսանկարիչն էր Էմմա Մարաշլյանը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Լուսանկարներն արվել են «Մարաշլյան» ֆոտոստուդիայում, լուսանկարիչն էր Էմմա Մարաշլյանը: Խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ եւ թեմատիկ արդուզարդ: Գաղափարը նպատակ ունի ճանաչելի դարձնել հայկական մշակութային արժեքները, աշխարհին ներկայացնել հայկական տարազի առանձնահատկությունները։ Նկարահանման ընթացքում մասնակիցները ոգեւորությամբ ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ եւ թաքնված իմաստներին:
Genealogy խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու եւ կրելու տարբեր ոճի հագուստներ` հին հայկական տարազներից մինչեւ եվրոպական ոճի հագուստ: «Տարազը կարծես ամբողջովին վերափոխում է մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին։ Երջանկություն է, որ մինչեւ մեր օրերը հասել են հին մշակույթի այս պատառիկները, եւ մենք դրանց կրողներն ենք այժմ»,- համոզված է երգչուհին:
Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը եւ Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ:
Ստեֆանի Թոփալյանը պատմեց. «Տարազ կրելու համար բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ճիշտ կրել դրանք: Ինձ համար առանձնահատուկ կարեւոր էր կրել հայկական ազգային հագուստ: Ես վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով, հատկապես»:
Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ ասաց. «Հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է ՝ գլխի հարդարանքները, զարդերը եւ ամբողջը հայկական նախշերը: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով, մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր»:
Թամար Կապրելյանը խոստովանեց. «Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրելու հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր»:
Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է: «Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ հասկացա` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ հստակ ձեւավորված նորաձեւության զգացում»:
Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ: «Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական պարեր պարելիս, երբ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, եւ մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի հայկական ոգին»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: Genealogy խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարհամասերից եւ Հայաստանից: Մայիսին կայանալիք երգի տոնին նրանք կկատարեն “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: