Genealogy խմբի կազմավորման, ամենօրյա փորձերի ու սպասվող շոուի մասին:
Ժամային գոտիներն այդքան հաճախ փոփոխելը Geneаlogy խմբի անդամներին չի խանգարում օրական երկու անգամ փորձերի մասնակցել ու Հայաստանում ունեցած ժամանակի մեծ մասը հատկացնել եվրատեսիլյան պատրաստություններին: Կարճ դադարից հետո հինգ աշխարհամասերն ու Հայաստանը ներկայացնող երգիչները կրկին հայրենիքում են:
Առաջին պաշտոնական մամուլի ասուլիսին նրանք եկան մեկ մարդու պես՝ առանց ուշանալու: Բոլորին հետաքրքրում էր՝ ի՞նչ շոու է պատրաստում Հայաստանը այս տարի: Հարցի պատասխանը մասամբ ու առանց չակերտները շատ բացելու տվեց «Եվրատեսիլ-2015» երգի մրցույցթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
«Մինիմալիստական թվային շոու ենք նախատեսում: Բեմադրությունը հագեցած կլինի ազգային տարրերով: Երգիչների թվի պատճառով պարային խումբ չենք կարող ունենալ: Կատարումը բավական բարդ է, ուստի խումբը ավելի շատ ոչ թե բեմադրության, այլ երգի վրա է կենտրոնանալու»,- ասաց պատվիրակության ղեկավարը:
Գոհար Գասպարյանը խոսեց նաեւ թիմի կազմավորման մասին. «Ամբողջ Ամանորը Առաջին ալիքի ստեղծագործական թիմն անցկացրեց երգիչների փնտրտուքով: Ամենահեշտը գտանք Եվրոպան ներկայացնող Եսայի Ալթունյանին ( մի քանի տարի առաջ մասնակցել էր Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկին) եւ Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանին (տարբեր տարիներին Սփյուռքի ներկայացուցիչները բազմաթիվ նամակներ էին հղել Առաջին ալիք՝ խնդրելով Թամարին ուղարկել Հայաստանը ներկայացնելու մրցույթում):
Եվրոպան ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանը
Թամար Կապրելյանը ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը
Ավստրալիան ներկայացնող Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանի անունը առաջին անգամ լսեցինք Արաքս Մանսուրյանից, ով առաջարկեց օպերային երգչուհուն ներգրավել թիմում»:
Ավստրալիան ներկայացնող Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը սոպրանո Արաքս Մանսուրյանի սանն է
Աֆրիկան ներկայացնող Վահե Թիլբյանի ու Ասիան ներկայացնող Ստեֆանի Թոփալյանի անունները քիչ էին հայտնի հայ հանդիսատեսին:
Աֆրիկա աշխարհամասը ներկայացնող Վահե Թիլբյանը Եթովպիայում հայտնի երգիչ եւ պարող է
Ասիան ներկայացնող Ստեփանի Թոփալյանի հայրը հայ է, մայրը՝ ճապոնուհի
Գոհար Գասպարյանը պատմեց, որ համացանքում շատ երկար փնտրտուքներից հետո կարողացան գտնել նրանց: Վահեն Եթովպիայից է, Ստեփանին՝ Ճապոնիայից: Վերջին մասնակցի՝ Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանի ընտրությունը, ամենավերջում է կայացվել:
«Ինձ համար մեծ պատիվ էր արդեն երկրորդ անգամ ներկայացնել Հայաստանը համաեվրոպական մրցույթում»,- ասաց Ինգա Արշակյանը:
Ինգա Արշակյանը քրոջ հետ «Եվրատեսիլի» բեմում հանդես է եկել նաեւ 2009-ին
Խմբի անդամները Ցեղասպանությունը վերապրածների ժառագներ են: Առաջին պաշտոնական մամուլի ասուլիսում նրանք առանձին-առանձին ներկայացրեցին իրենց ընտանիքների պատմությունները:
Առավել հետաքրքրական էր Աֆրիկան ներկայացնող Վահե Թիլբյանի պատմությունը: «Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում եմ ապրում: Մորս ընտանիքը վաղուց էր այդ երկրում: Հորական կողմս Ցեղասպանության տարիներին եկավ Եթովպիա: Զբաղվում էին կոշկակարությամբ, ջուլհակությամբ ու գորգերի վաճառքով: Երբ էլեկտրոնային նամակ ստացա Հայաստանից, զարմացա. չէ՞ որ Աֆրիկայում ամենամեծ հայ համայնքը Եգիպտոսուիմ է ու այնտեղ էլ շատ տաղանդավոր հայեր կան: Հետո ստեղծագործական թիմը հենց ինձ ընտրեց»,- պատմեց Վահե Թիլբյանը:
Ասուլիսի վերջում Genealogy խումբը մի հատված կատարեց մրցույթում ներկայացվելիք Face the Shadow երգից:
Տեղեկություն
Genealogy խմբի Face the Shadow երգի բառերի հեղինակը Իննա Մկրտչյանն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը: Խմբի ոճաբանն է Արմեն Գալյանը: Այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին, 2-րդ համարի ներքո: