Երկրի քաղաքներում ու գյուղական համայնքներում տեղի են ունեցել երթեր, ոգեկոչման արարողություններ:
Մարդկանց հոսքն այսօր չի դադարել Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հայաստանյան մարզային հուշահամալիրներ ու կենտրոններ: Եկեղեցիներում մատուցվել է Պատարագ, մարդիկ խնկարկել են անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, ծաղիկներ խոնարհել հուշակոթողների մոտ:
Չնայած տեղացող ձյանն ու ցրտին, վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի հազարավոր բնակիչներ շտապում էին դեպի հուշարձաններ ու եկեղեցիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերին: Գեղարքունիքի քաղաքներում ու գյուղական համայնքներում տեղի են ունեցել երթեր, ոգեկոչման արարողություններ: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ: Դդմաշեն համայնքում այսօր ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան-խաչքար է բացվել:
Լոռիում հիշատակի արարողությունները նշանավորվել են խաչքարերի բացումով ու օծումով, ցույցերով: Ավանդույթի համաձայն մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ ու Տաշիր քաղաքներում տեղի են ունեցել ջահերով երթեր, որոնց մասնակիցները «Հիշում ենք եւ պահանջում» կոչերով անցել են գլխավոր փողոցներով: Երթերն ավարտվել են մոմավառությամբ: Ոգեկոչման ու հիշատակի պատարագ է մատուցվել նաեւ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն սրբադասված հայ նահատակների հիշատակին, Շիրակի եւ Լոռու մարզերից դեպի Ջարդի ձոր քայլերթն ու ավտոերթը մեկնարկել են վաղ առավոտից:
Սյունիքում նախօրեից Ազատամարտի հրապարակից դեպի Սիսիանի Սորբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ մեկնարկած երթերը շարունակվել են նաեւ այսօր: Երթի մասնակիցների ձեռքերի նախօրեի ջահերը փոխարինվել են ծաղիկներով, որոնք խոնարհվել են ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում