Սպիտակ տան ներկայացուցիչը եւս մեկ անգամ կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հայկական հարցը քննարկել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ջոն Քերին հաստատել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան պետք է իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Էրիկ Շուլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է օգտվել տարելիցի առիթից, որպեսզի ուշադրություն հրավիրի 1915-ի իրադարձություններին եւ կոչ անի ամբողջությամբ, ազնվորեն եւ արդարությամբ ճանաչել փաստերը: Ճանաչումը, նրա խոսքով, համապատասխանում է բոլոր կողմերի շահերին՝ նկատի ունենալով Թուրքիային, Հայաստանին եւ ԱՄՆ-ին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այժմ չի արտասանում «ցեղասպանություն» բառը, երբ 2008-ի նախընտրական արշավի ընթացքում այդպես էր բնորոշում 1915-ի հայերի սպանդը:
«Նախագահը եւ վարչակազմի բարձրաստիճան մյուս պաշտոնյանները պարբերաբար պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,- նշել է Շուլցը: Ըստ TASS գործակալության՝ Սպիտակ տան ներկայացուցիչը եւս մեկ անգամ կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: