ԱՄՆ-֊ի շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը:
Նախագահ Սարգսյանը ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի եւ Russia Today-ի թղթակիցների հարցերին:
Reuters-ի հարցը հետեւյալն էր․ «Այս օրերին հնարավոր չէ չխոսել նաեւ Հայաստանի եւ հարեւան Թուրքիայի հարաբերությունների մասին: Արձանագրությունները չվավերացվեցին, կապերը բարելավելու ինչ-որ հնարավորություն տեսնո՞ւմ եք»: Նախագահ Սարգսյանը պատասխանեց․ «Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա»:
BBC-ն հետաքրքրվում է. «Ի՞նչ ավելի ուժեղ հայտարարություն է ակնկալում Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահից, եւ ո՞րն է նրա արձագանքը Գալիպոլիի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելուն»: Նախագահն ասաց, որ մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշխանավորների հետ, որովհետեւ ժխտել՝ նշանակում է կիսել պատասխանատվությունը: Թուրքիայի այսօրվա իշխանություններ չեն իրականացրել Ցեղասպանություն, բայց երբ մեկն արդարացնում է մյուսի հանցագործությունը, մեղսակից է դառնում: Գալիպոլիի առնչությամբ նախագահ Սարգսյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, երբ որեւէ պետություն, ժողովուրդ նշում է իր պատմության հայտնի իրադարձությունների տարեդարձները կամ տարելիցները:
Արաբական աշխարհի ամենահայտնի՝ Al Jazeera հեռուստաալիքը հետաքրքվում է. «Հայերը, Սփյուռքը, Հայաստանը ինչպե՞ս առաջ գնան՝ չմոռանալով կատարվածը»: Սերժ Սարգսյանի պատասխանը հետեւյալն էր․ «Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց առաջ նայելն է: Առնվազն երեք հազար տարի ապրելով այս տարածաշրջանում, ունենալով կորուստներ ու ձեռքբերումներ, մենք միշտ առաջ ենք նայել եւ հիմա էլ նայում ենք»:
«Այն, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ին չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը, արդյո՞ք չի հիասթափեցնում»․ հարցն ուղղում է Reuters-ը: ՀՀ Նախագահի դիրքորոշումը հստակ է. «ԱՄՆ 51 նահանգներից 44-ը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Նախագահ Օբաման, լինելով սենատոր, բազմիցս ասել է «ցեղասպանություն» բառը: Ես ականատեսն եմ եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք ասել են՝ այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին ԱՄՆ-ի շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը:
Մանրամասները՝ տեսանյութում