Նյութական վնասը սակայն չի հատուցվում Հայաստանի խորհրդայնացման պատճառով:
Հայոց Ցեղասպանությունը միայն մեկ ու կես միլիոն մարդկային կյանքերի կորուստը չէր: Հայերի անհատական եւ հավաքական սեփականության յուրացումը Հայոց Մեծ եղեռնի ածանցյալ նպատակներից էր: Բազմաթիվ փաստաթղթեր ու վավերագրեր փաստում են, որ ունեզրկելով մի ամբողջ ժողովրդի, տիրանալով նրա՝ դարերի քրտինքով եւ տքնությամբ ստեղծած ունեցվածքին, թուրքական պետությունը հետագայում կարողացավ լուծել իր ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր: Հայերի կալվածքների կողոպուտի հաշվին նրանք լցրեցին պետական գանձարանը: Բնաջնջելով եւ բռնի տեղահանելով Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող հայերին ՝ երիտթուրքական եւ քեմալական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին նաեւ իրենց հզոր մրցակցին՝ նրանց հարստության եւ անշարժ գույքի յուրացումով ստեղծելով ազգային բուրժուազիա: Այն, որ ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ հենված է հայերից բռնագրաված ունեցվածքի վրա՝ հաստատում են նաեւ թուրք պատմաբանները՝ ընդգծելով, որ հայերի ունեցվածքի կողոպուտն ու ոչնչացումը դարձավ թուրքական տնտեսության զարգացման հիմքը;
Հայ ժողովրդի հսկայական նյութական կորուստները հաշվարկել են երիտասարդ հայորդիները: Ընդ որում, պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի անդամները մասնագիտական այս վերլուծությունը կատարելիս հիմնվել են ոչ թե ենթադրությունների կամ մոտավոր հաշվարկների վրա, այլ՝ որպես հիմք ընդունել են 1919-ին Փարիզյան վեհաժողովում հաստատված մի կարեւոր փաստաթուղթ.
Համաձայն փարիզյան վեհաժողովի փաստաթղթի՝ հայերի նյութական վնասները՝ 1914-19 թվականներին կազմել են այդ պահի փոխարժեքով՝ 19 մլրդ ֆրանսիական ֆրանկ: Պատմական փաստաթղթի տակ հայկական առաջին հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Ավետիս Ահարոնյանի ստորագրությունն է: Նյութական վնասը սակայն չի հատուցվում Հայաստանի խորհրդայնացման պատճառով. մեծ տերությունների եւ Խորհրդային միության միջեւ ծագում են անհամաձայնություններ եւ արդյունքում հայերի փոխհատուցման մասին աշխարհը մոռանում է: