Իսլամական հանրապետության իշխանությունները համաձայնում են կրճատել ուրանի պաշարը՝ պարտավորվելով չստեղծել նոր ատոմային կենտրոններ:
Իրանը կստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե այն ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը երկրի վրայից հանվեն տնտեսական պատժամիջոցները: Այս հայտարարությունը ապրիլի 9-ին արել է ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ առաջին անգամ մեկնաբանելով ՝ Լոզանի պայմանավորվածությունները:
Ավելի վաղ Իրանի Նախագահ Հասան Ռոհանին եւս ընդգծել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Լոզանում մշակված ճանապարհային քարտեզը իրավաբանական փաստաթուղթ կդառնա միայն Իրանի նկատմամբ պատժամիջոցները ամբողջովին եւ անմիջապես վերացնելու պայմանով:
Հիշեցնենք, որ Լոզանում Իրանի եւ Վեցյակի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իսլամական հանրապետության իշխանությունները համաձայնում են կրճատել ուրանի պաշարը: Նրանք պարտավորվում են չստեղծել նոր ատոմային կենտրոններ, ուրանի առկա պաշարը գործածել միայն գիտական նպատակներով, ավելցուկն էլ դուրս բերել երկրից: Արեւմուտքն էլ իր հերթին պարտավորվել էր վերացնել երկրի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցները: