Զոհերի մասին տեղեկություններ, թվեր պահպանվել են 1915-ի սարսափից փրկված մարդկանց հուշերում, աշխատություններում ու գրականության մեջ:
Ձեռքի տակ եղած արխիվային փաստաթղթերից դուրս են բերվում, վերծանվում Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ բոլոր տվյալները: Հիմնականում պահապանվել են որբերի եւ գաղթականների ցուցակները, որոնցից արդեն դուրս է հանվել մոտ 40 000 անուն: Ազգային արխիվն աշխատում է էլեկտրոնային շտեմարան ստեղծելու ուղղությամբ եւ կոչ է անում բոլորին, ում մոտ կան տվյալներ ու տեղեկություններ ցեղասպանությանը զոհ դարձած իրենց հարազատների մասին, փոխանցել իրենց:
Նման ցուցակները հարյուր հազարավոր են, դրանք կազմվեցին եղեռնից անմիջապես հետո, այն ժամանակ, երբ գաղթականների հոսքը հասավ Հայաստան: Ցեղասպանությունից փրկված որբերի, գաղթականների խնամքը կազմակերպելու համար Երեւանում, Էջմիածնում, Դիլիջանում, Օշականում, նաեւ եկեղեցիներին կից ու գյուղերում ստեղծվեցին նրանց անվանացանկերը:
Պատմական թղթապանակներից էլեկտրոնային բազա կներմուծվեն ոչ միայն զոհերի անունները, այլեւ որբերի շուրթերով մեզ հասած տեղեկությունները: Զոհերի մասին տեղեկություններ, թվեր պահպանվել են 1915-ի սարսափից փրկված մարդկանց հուշերում, աշխատություններում, գրականության մեջ, բայց ամբողջական տեղեկատվական բազա առայսօր չկա: Ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ հրեաները նման շտեմարան վաղուց են ստեղծել: Հրեաների դեպքում օգնել են ցուցակները, որոնք կազմվել են նրանց համակենտրոնացման ճամբարներ տանելիս:
Մանրամասները՝ տեսանյութում