Գերմանացի քննիչները պարզել են, որ Անդրեաս Լյուբիցը 2009-ին ծանր հոգեկան ընկճախտ է ունեցել, երբ կյանքի ընկերուհին լքել է իրեն:
Նոր հանգամանքներ են ի հայտ եկել ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ավիաաղետի առնչությամբ: Դյուսելդորֆի ոստիկանությունը գլխավոր կասկածյալ երկրորդ օդաչուի տանն անցկացրած խուզարկության ժամանակ հայտնաբերել է պատառոտված հիվանդաթերթիկ: Այն վկայում է, որ աղետի օրը Անդրեաս Լյուբիցը չպետք է գնար աշխատանքի եւ, որ նա իր առողջական վիճակը թաքցրել է գործատուից: Նախապես հաղորդվում էր, թե Լյուբիցը տառապում էր հոգեկան ընկճվածությամբ եւ բուժվել է Դյուսելդորֆի համալսարանի կլինիկայում: Կլինիկայի բժիշկները բուժման փաստը հաստատել են, միաժամանակ նշելով, որ նա բուժվել է ուրիշ հիվանդության դեմ:
Գերմանացի քննիչները պարզել են, որ Անդրեաս Լյուբիցը 2009-ին ծանր հոգեկան ընկճախտ է ունեցել, երբ կյանքի ընկերուհին լքել է իրեն: Նա ստիպված դադարեցրել է ուսումը, քանի որ հոգեկան հիվանդության պատճառով 18 ամիս բուժվել է: Երկրորդ օդաչուի ղեկավարությունը տեղեկացված չի եղել, որ նա մինչ չարաղետ վթարը հոգեմետ դեղորայքներ էր ընդունում: Քննիչները պարզել են նաեւ, որ հենց վթարի օրը` մարտի 24-ին, Լյուբիցին բժշկի ցուցմունքով անաշխատունակության տեղեկանք եւ դեղատոմսեր են տրվել:
Բոլոր այս բժշկական փաստաթղթերը գտնվել են Լյուբիցի տանը` պատռված վիճակում, այսինքն` նա թաքցրել է Ջերմանուինգզի ղեկավարությունից իր հոգեկան հիվանդությունը` վախենալով կորցնել օդանավ վարելու իրավունքը, որը ստացել էր 2011-ին:
Լյուֆթանզա ավիաընկերության նախագահ Կորստեն Սպորը, սակայն, հայտարարել է, որ Անդրեաս Լյուբիցը գերազանց անցել է բոլոր բժշկական զննումները եւ հանձնել է մասնագիտական քննությունները, ինչպես նաեւ որեւէ կասկածելի վարքագիծ չի նկատվել նրա մոտ:
Կորստեն Սպորը նշել է նաեւ, որ ավիաընկերության ղեկավարությունը տեղյակ չի եղել, որ Լյուբիցը շարունակում է ընդունել հոգեմետ դեղեր: Գերմանական եւ Ֆրանսիական հետաքննիչները մարտի 24-ի ողբերգության մեջ տեսնում են գերմանական ավիաընկերության անուշադրությունը եւ անհետեւողականությունը, ինչպես նաեւ 6 տարի շարունակ Անդրեաս Լյուբիցին հետեւող եւ բուժող բժիշկի մեղքը: Վերջինս պարտավոր էր տեղեկացնել ավիաընկերությանը նրա հիվանդության մասին, որովհետեւ հարցը վերաբերվում էր բազմաթիվ մարդկանց անվտանգությանը:
Ավիավթարից զոհվածների մեկի եղբայրը արդեն դատական հայց է ներկայացրել Լյուֆթանզայի դեմ` մեղադրելով ընկերությանը օդաչուների ընտրության հարցում անուշադրության մեջ, ինչպես նաեւ օդաչուների խցիկում մեկ օդաչուի ներկայությունը թույլտատրելու համար: Ի դեպ, այսօրվանից բազմաթիվ ավիաընկերություներ նոր կանոն են ընդունել` առ այն, որ պարտադիր է 2 անձի ներկայությունը օդաչուների խցիկում, այսինքն` եթե օդաչուներից մեկը դուրս է գալիս խցիկից անհրաժեշտ է անձնակազմի մեկ այլ անդամի ներկայությունը խցիկում: