Մեր ըմբիշը հիանալի անցկացրեց բոլոր չորս գոտեմարտերը:
Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը: Մեր ըմբիշը հիանալի անցկացրեց բոլոր չորս գոտեմարտերը: Մեր մարզիկը նախ հաղթեց բելառուս Դենիս Մաքսիմովին, ապա առանց միավոր տալու պարտության մատնեց ադրբեջանցի Ահմեդ-Նաբի Գվարզատիլովին, կիսաեզրափակչում էլ չափազանց լարված պայքարում առավելության հասավ թուրք Ռեջեբ Թոփալի նկատմամբ եւ մտավ եզրափակիչ:
Մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Սվիրիդն էր: Հիանալի մարզավիճակում գտնվող Ֆրանգուլյանը մի քանի հնարքով վաստակեց ութ միավոր, ամենավերջում մրցակիցը հնարավորություն տվեց հաշիվը դարձնել 8-3 եւ տարավ վստահ հաղթանակ: Վոլոդյա Ֆրանգուլյանի այս հաղթարշավը տրամաբանական շարունակությունն էր ընդամենը մի քանի օր առաջ Գերմանիայում կայացած միջազգային մրցաշարի: Այնտեղ էլ մեր երիտասարդ ըմբիշը հաղթել էր մի քանի տիտղոսակիր մրցակցի ու կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Հայաստանի ազատ ոճի հավաքականը մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից տուն է բերում մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Այժմ հերթը մեր հունահռոմեական ոճի ըմբիշներինն է: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 27-ին: