Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի 6 արտիստների մասնակցությամբ Հայաստանում հետաքրքիր ու յուրօրինակ ֆոտոպատմությունէ նկարահանվել: Հավատարիմ մնալով այս տարվա մասնակցության Հայաստանի ձեւաչափին՝ Genealogy խումբը ներկայացնում է իր ծագումնաբանությունը: Խմբի անդամները կրում եւ փորձում են եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը: Ֆոտոսեսիան իրականացվել է Մուղնու սբ Գեւորգ եկեղեցու բակում, որտեղ ներկայացվում է նաեւ հայկական, ազգային մշակութային ավանդույթները, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը:
Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սեւի եւ մոխրագույնի տարբեր երանգներ, տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք: Հագուստը կարվել է նորաձեւ պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսով, ընդգծված ուսերով: «Մենք համադրել ենք եվրոպական եւ հայկական նորաձեւության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը: Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաեւ հայկական արմատները միաձուլող կերպարներ»,- ասում է Արմեն Գալյանը:
Կերպարն ընդգծելու եւ ամբողջացնելու համար օգտագործվել են սփյուռքահայ եւ հայաստանցի մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության, ինչպես նաեւ Մուղնիի եկեղեցու զարդանախշերով պատրաստված հատուկ կրծքանշաններ: Դրանք խորհրդանշում են Genealogy խմբի անունը, հայաստանյան մասնակցության ձեւաչափի հիմքում ընկած ծագումնաբանության գաղափարը:
Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ, ոգեշնչվելով “Face The Shadow” երգից, յուրովի կարողացել է յուրաքանչյուրի կերպարը դարձնել ստվեր: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը՝ “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: