Նախասրահում 1935-ից գործող թատրոնի պատմությունն է՝ մրցանակները, տարբեր ներկայացումներից մնացած տիկնիկները, աշխարհում գործող այլ թատրոնների նվերները հայ գործընկերներին:
Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տիկնիկային թատրոնի օր: Տոնական օրը փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է ապրում Սայաթ-Նովա պողոտայի այդ գեղեցիկ շենքը՝ Տիկնիկային թատրոնը, ինչպես են պատրաստում ներկայացումներն ու ինչո՞վ է շնչում հոգի ստացած տիկնիկների աշխարհը:
Նախասրահում 1935-ից գործող թատրոնի պատմությունն է՝ մրցանակները, տարբեր ներկայացումներից մնացած տիկնիկները, աշխարհում գործող այլ թատրոնների նվերները հայ գործընկերներին:
Ինդիրա Գանդիի նվերը
Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով եղել է աշխարհի տասնյակ երկրներում: Հնդկաստանում ունեցած ներկայացումներից հետո երկրի վարչապետ Ինդիրա Գանդին ծիսական տիկնիկների հավաքածու նվիրեց հայ արտիստներին: Հավաքածուն ցուցադրված է թատրոնի նախասրահում՝ թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Պավլոս Բորոյանի անունը կրող թանգարանում:
Լեոնիդ Ենգիբարյանի խամաճիկը
Մեծ արտիստին շատ ենք տեսել կինոյում, կրկեսային ներկայացումներում ու կրկեսային պաստառներին: Պարզվում է՝ Լեոնիդ Ենգիբարյանի կերպարով նաեւ խամաճիկ են պատրաստել: Թբիլիսիի տիկնիկային թատրոնի նվերն է հայ գործընկերներին:
Թատրոնի երիտասարդ սերունդը
Աղասի Մելքոնյանը թատրոնում է 18 տարի: Ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տիկնիկային թատրոնի դերասանի բաժինը: Թատերական արվեստում ամենասակավ արտիստներն ունեցող մասնագիտության վարպետը դառնալու համար տասնամյակներ պահանջվեցին: Խաղում է թատրոնի 32 ներկայացումներից 30-ում: Թե ինչո՞ւ չի խաղում մյուս երկու ներկայացումներում, կարճ պատասխանեց՝ մեկը չեմ սիրում, երկրորդը՝ ատում եմ:
Լիանա Արեստակյանը թատրոն եկավ բուհն ավարտելուն պես: Կուրսում 12 ուսանող էին, միայն երկուսը համաձայնվեցին կյանքը կապել թատրոնի հետ, տիկնիկներն էլ՝ մատներին: Խաղում է 10-ից ավելի ներկայացումներում: Ափսոսանքով նշեց՝ երիտասարդներին տիկնիկայինը քիչ է գերում, կուրսեր կան, որոնոցից ոչ մի ուսանող չեկավ:
Տիկնիկների ծննդատունը
Տիկնիկները առաջին հայացքից պարզ կառուցվածք ունեն: Երբ բարձրացանք թատրոնի երկրորդ հարկում գտնվող արհեստանոց՝ շատ բան պարզ դարձավ: Ամեն ինչ ավելի քան բարդ էր պատկերացրածից: Գոգոլի «Վիհ» պատմվածքի հիման վրա պատրաստվող ներկայացումը շուտով բեմ կբարձրանա, ժամ առաջ շտապում են ավարտին հասցնել դերասանների դիմակները:
Տիկնիկագործ Քնարիկ Հարությունյանը ամենամոտ առաջին դարակում մասունքի նման պահում է տասնամյակներ առաջ պատրաստած առաջին տիկնիկը՝ Բուրատինոն:
«Ութերորդ դասարանում էի՝ 14 տարեկան, երբ որոշեցի իմ ձեռքերով տիկնիկ պատրաստել: Ոչ մի պատկերացում չունեի պահանջվող նյութերից ու պատրաստման եղանակից: Ծնվեց առաջին աշխատանքս: Բուրատինոն արդեն մի քանի տասնամյակ ինձ հետ է: Ինչպես տեսնում եք՝ այդքան էլ վատ չի ստացվել: Հետո սովորեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարանի նկարչական բաժնում, դիպլոմայինի ժամանակ տիկնիկների շարք պատրաստեցի ու հայտնվեցի թատրոնում, 1980-ից այստեղ եմ»: