Daily Mail-ը հիշեցնում է, որ Genealogy խումբը ձեւավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար:
Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Genealogy խմբին` իր ընթերցողներին ծանոթացնելով խմբի՝ Ավստրալիա աշխարհամասը ներկայացնող Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանի հետ: Պարբերականը գրում է, որ Մերին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, նրա հայրն ավստրալացի է, մայրը հունական եւ հայկական արմատներ ունի:
Daily Mail-ը հիշեցնում է, որ Genealogy խումբը ձեւավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար: Խմբում ներառվել են Հայաստանից՝ Ինգա Արշակյանը, Եթովպիայից՝ Վահե Թիլբյանը, Ամերիկայից՝ Թամար Կապրելյան, Ճապոնիայից՝ Ստեֆանի Թոփալյանը եւ ֆրանսահայ Եսայի Ալթունյանը:
Մերին սովորել է ԱՄՆ-ում` Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ուսանել է վոկալ եւ ֆլեյտա: Այնուհետեւ նա տեղափոխվել է Ավստրալիա՝ երաժշտական կարիերան շարունակելու, որտեղ եւ 2007-ին հաղթել է Ավստրալիայի երիտասարդ վոկալիստների ABC Symphony մրցույթում: Մեկ տարի անց Մերին առաջինն էր, ով ստացավ գլխավոր մրցանակը Ավստրալիայի միջազգային օպերային մրցանակաբաշխության ժամանակ: Վերջում Daily Mail-ը նշում է, որ Genealogy -ն թողարկել է այն երգը, որով հանդես է գալու Ավստրիայում մայիսին կայանալիք մրցույթին: "Dont Deny" երգն արդեն հասցրել է արժանանալ քննադատների դրական գնահատականին: