Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում` ժամը 18:30 CET (21:30 հայաստանյան ժամանակով), Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաեւ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում:
Գաղափարի ու կոնցեպտի մասին
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել “Genealogy”-ն: Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն. առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջեւ, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջեւ, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջեւ: Սա պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է՝ կենաց ծառը, որն ինչպես երեւում է տարբերանշանից, ունի ամուր արմատներ եւ դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների: Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է:
Մասնակիցների մասին
Հայերը բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունեն աշխարհով մեկ սփռված, եւ ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս եւ մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելն էր: Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ եւ բարետես արտիստների: Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն՝ հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային եւ ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները:
Եվրոպա աշխարհամասից ընտրեցինք Եսայի Ալթունյանին, քանի որ բացի գեղեցիկ ձայն ունենալուց, նա նաեւ որոշակիորեն հայտնի էր Հայաստանում: Մի քանի տարի առաջ նա մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երեւանին նվիրված տեսահոլովակ:
Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը մեզ համար բացահայտում էր, քանզի ոչ ոք երբեւէ չէր լսել նրա մասին Հայաստանում: Շատ դժվար էր նրան համացանցով գտնելը, բայց ճակատագիրը հրաշքներ է գործում: Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով եւ նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին:
Ամերիկայի դեպքում ավելի հեշտ էր մեր ընտրությունը, քանի որ տեղի հայ համայնքը շատ մեծ է եւ մենք որոշ չափով ճանաչում ենք բոլորին: Կանգ առանք նրբագեղ Թամար Կապրելյան երգչուհու վրա, որի անունը մի քանի տարի առաջ նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին «Եվրատեսիլի» շրջանակներում:
Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր, Վահե Թիլբյանին ընտրեցինք, որովհետեւ կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաեւ մեծ հայրենասեր է եւ էնտուզիաստ:
Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյան, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի-Ջինին: Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետեւ օպերային երգչուհու այս հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից:
Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որեւէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի եւ «Եվրատեսիլ»-ի միջեւ: Եվ ահա այն երգիչը, որը կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, հենց կենտրոնն է, միացնող օղակը, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը: Նրա ձայնը հզոր է եւ բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների:
“Don’t deny” երգի եւ տեսահոլովակի մասին
Երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ: Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների եւ խոսքերի հեղինակների հետ: Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից հետո ոգեւորություն կար եւ մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի եւ ցանկալի տրամադրության համար:
Որոշվեց երգը եւ տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում եւ ասելիքն ավելի ցայտուն է լինում: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Մասնակիցները կարճ ժամանակով այցելեցին Հայաստան, ձայնագրեցին երգը, նկարահանվեցին տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Ինչպես նաեւ լուսանկարվեցին մի քանի օրիգինալ ֆոտոշարքերում՝ աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում` ժամը 18:30 CET (21:30 հայաստանյան ժամանակով), Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաեւ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում: