Հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 4500 կրակոց:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ ադրբեջանական կողմը պարբերաբար իրականացնում է դիվերսիոն- հետախուզական գործողություններ։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 4500 կրակոց:
Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաեւ «ԶԻԿ-23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր եւ «ԶԻԿ-23-2» զինատեսակը։
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման 4 զինծառայող: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: