Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է Ասիա աշխարհամասից: Նրա մոգական ձայնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Նրա մասնակցության մասին տեսանյութը՝ այստեղ:
Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Այժմ Ճապոնիայում բնակվող Ստեֆանին հավատարիմ է հայկական արմատներին: Հայկական և ճապոնական կերակրատեսակների սիրահար է: Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և բրիտանական Queen ռոք խմբին:
Երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:
Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին և երկրորդ սինգլներ ‘’Kimiga Iru Kagiri’’-ն և ‘’Because of you’’-ն հաջորդաբար եղել են ‘’Kiss Dum” անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ ‘’Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘’D.Gray-man’’ անիմացիոն ֆիլմի համար: 2008-ի սկզբին նրա ‘’Friends’’ կատարումն ‘’Անիմե TV’’-ի ‘’Gundam 00’’ տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ:
Որպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին ‘’Pride’’ ֆիլմում` նկարահանված Yukari Ichijo's shōjo կոմիքսի հիման վրա: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride -A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It's All Good” (2009) ֆիլմերում:
2015-ին Ստեֆանին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:
Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից: Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»): Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Կմասնակցի 40 պետություն:
Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:
Ծանոթացեք Ստեֆանի Թոփալյանի կատարումներին այստեղ և այստեղ:
Հետեւեք Genealogy խմբի մասին նորություններին Ֆեյսբուքում, Ինստագրամում և Թվիթերում: