Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի հաջորդ մասնակիցը Ամերիկա աշխարհամասից է։ Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է: Նրա մասնակցության մասին պատմող տեսանյութը՝
այստեղ։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):
Genealogy խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին: Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: Ծանոթացեք Թամար Կապրելյանի երգերին
այստեղ և
այստեղ, հետեւեք Genealogy խմբի մասին նորություններին
Ֆեյսբուքում և
Թվիթերում ու
Ինստագրամում։
Նյու Յորքում բնակվող Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով հպարտանում է իր հայկական ժառանգությամբ և սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում սկսել է դաշնամուր նվագել, ինչը հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրել իր հորինած երաժշտություններն ու երգերը: 2008-ի մարտին նա հաղթել է One Republic խմբի YouTube-ում հայտարարած Apologize երգի լավագույն վերարտադրման մրցույթում:
Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010-ի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր, թե անմեղ» (Sinner or a Saint): Նույն թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների ընթացքում` կատարելով "Like a G6" երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր:
2015-ին Թամարը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: