Մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Հերմինե Ստեփանյանը:
Առաջին ալիքի եթերում փետրվարի 22-ի լույս 23-ին՝ ժամը 05:30–ին, կցուցադրվի կինոաշխարհի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Այն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում, Հայաստանում «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողը Առաջին ալիքն է: Մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Հերմինե Ստեփանյանը:
«Օսկարն» այս տարի տեղի կունենա Հոլիվուդի Դոլբի թատրոնում: Մրցանակաբաշխությունը կվարի hաղորդավար Նիլ Փաթրիք Հարրիսը։ «Օսկարը» համարվում է ամենադիտվող շոուներից մեկը: Նախորդ` «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը, հեռուստատեսության վերջին 10 տարիների ամենադիտված ժամանցային շոուն է եղել: Շուրջ 45 մլն մարդ ուղիղ եթերում հետևում էր արձանիկների տեղաբաշխմանը, ավելի քան մեկ մլրդ մարդ կիսվել է «Օսկարից» ստացած տպավորություններով Թվիթերում եւ 25 մլն մարդ` Ֆեյսբուք սոցցանցում: Ավելին, աստղերի մասնակցությամբ հայտնի սելֆին դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ քանակությամբ ռեթվիթ արված նկարը, որը հավաքել է շուրջ 32.8 մլն դիտում: