Փետրվարի 12-ը հայ արձակի լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է:
Փետրվարի 12-ը հայ արձակի լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: 80-ամյակը նոր առիթ է վերընթերցելու Մաթեւոսյանի՝ դասական դարձած գործերը, զգալ գյուղի շունչը, բնությունն ու մարդկային պարզ արժեքներն այդքան կարեւորած գրողին:
Քչախոս մարդիկ են գրողները, սիրում են առանձնանալ իրենց մտորումների հետ: Հրանտ Մաթեւոսյանի բնակարանը նախորդ դարի 70-ականներից դարձավ շատ ու շատ հայտնիների հավաքատեղի:
Գրականության երեւանյան հասցեն
Մի լրագրող երկար-բարակ, ձանձրալի զրույցից հետո քչախոս Մաթեւոսյանին հարցնում է.
- Վարպե՛տ, իսկ ո՞րն է Ձեզ համար գրականության հասցեն:
Վարպետը մի քանի վայրկյան մտածում է, պատասխան չի գտնում: Բայց պաթետիկ հարցի տակից դուրս գալու ձևը գտնում է.
- Քաղաք Երեւան, Պուշկինի 3, բնակարան 49:
Գրականության հասցեն յուրաքանչյուր գրողի համար այն վայրն է, որտեղ կարողանում է մենակ մնալ ու մտքին եկածը հանձնել թղթին:
Ինչպե՞ս տիկին Վերժինեն հասավ Անտոն Քոչինյանի կաբինետ
Մեկ տասնամյակ Հրանտ Մաթեւոսյանը կնոջ ու երեխաների հետ ապրում էր Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում: 31 ք/մ տարածքը Ահնիձորի արձակ դաշտերն ու բացատները կարոտող Մաթեւոսյանի համար չափազանց քիչ էր: Աշխատում էր հյուրասենյակում, այն էլ՝ երբ տանը ոչ ոք չէր լինում:
Հյուրերն անպակաս էին, կարելի է ասել՝ շաբաթվա մեջ մի քանի ժամ էր կարողանում մենակ մնալ ու գրել: Համեստությունը թույլ չէր տալիս թակել պաշտոնյաների դռներն ու ընդարձակ բնակարան խնդրել: Կինը՝ Վերժինե Մովսիսյանը, օգտվեց ամուսնու բացակայությունից ու որոշեց հարցը մեկընդմիշտ լուծել: Ի՞նչ իմանար Լոռու անտառներում հանգստացող Հրանտը, որ կինն արդեն հասել է Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կաբինետ ու նոր բնակարան պահանջել: Ժուռնալիստների միության շենքում ստացած 4-սենյականոց բնակարանի համար Մաթեւոսյանը կշտամբեց կնոջը. 3 սենյակն էլ բավական կլիներ:
Անկարգ աշխատող Մաթեւոսյանը
Հրանտ Մաթեւոսյանի այրին սրբությամբ պահպանում է ամուսնու աշխատասենյանը: Ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես գրողն է թողել՝ գրքերը, գրասեղանը, դանակների հավաքածուն ու սիրած գրիչները. ամեն բան ճիշտ իր տեղում: Վերժինե Մովսիսյանը առավել քան հոգատար էր ամուսնու աշխատանքային ժամերի նկատմամբ: Տարիների ընթացքում կինը համոզվեց՝ Հրանտը գրաֆիկով աշխատող չէ: Գրում էր հիմնականում գիշերը, ցերեկային ժամերին մի պահ մտնում աշխատասենյակ ու արագ գրառումներ անում գիշերվա աշխատանքի համար:
Լոռվա անտառներն ու բնությունը՝ երեւանյան տան գրասեղանին
Մաթեւոսյանը քաղաքի կենտրոնի բոլոր ծառերն անգիր գիտեր. ո՞ր փողոցում քանի տանձենի ու փշատենի կա, ո՞ր մեկը ո՞ր ամսին է ծաղկում ու բերք տալիս: Հավաքում էր ծառերի տակ ընկած կաղիններն ու դնում սեղանին: Կինն ամեն անգամ զարմանում էր, երբ ամուսնու աշխատասենյակում, թղթերի ու գրիչներ արանքում տեսնում էր շուկայից բերած դդումը: Այն օրերով մնում էր աշխատասենյակում՝ գրողի աչքի առաջ: Բնության ամեն ստեղծագործություն հարազատ էր նրան:
Հրանտ Մաթեւոսյանի կենտրոն-թանգարանի նախագիծը
Որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, հոր մահից հետո սկսեց մտածել թանգարան ստեղծելու մասին: Այն ժամանակվա պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում որոշվեց Աբովյան պուրակում տարածք հատկացնել: Կենտրոն-թանգարանում ընթերցասրահներ, բացօթյա լսարաններ ու հարուստ գրադարաններ են լինելու: Ծրագիրն արդեն մեկ տասնամյակից ավելի դեռ թղթի վրա է: Բավարար միջոցները գտնելու պես կսկսեն գաղափարի իրագործումը: