Եվրատեսիլում Հայաստանի դեսպան Գոհար Գասպարյանը նշեց, որ սփյուռքահայ մասնակիցներին ընտրելու համար ունեցել են մեծ ցուցակ
Ի՞նչը կարող է կամուրջ դառնալ և կապել բախտի քմահաճույքով մոլորակի 5 մայրցամաքներում ծնված նույն արյունն ու պատմությունն ունեցող երիտասարդներին: Այս տարվա Եվրատեսիլ երգի հեղինակավոր մրցույթում ծագումը կհամախմբի մոլորակի 5 աշխարհամասերում ծնված երիտասարդներին:
Եվրատեսիլում Հայաստանի դեսպան Գոհար Գասպարյանը նշեց, որ սփյուռքահայ մասնակիցներին ընտրելու համար ունեցել են մեծ ցուցակ, մի շարք հաճելի բացահայտումներ են արել, սակայն ի վերջո ընտրել են այն երգիչներին, որոնք ունեն նույն պատմությունը: «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո այս տարի մասնակից երկրների ցանկում ընդգրկված է նաև Ավստրալիան։ Սա աննախադեպ և խորհրդանշական է Եվրատեսիլի պատմության համար, քանի որ հեղինակավոր մրցույթն այս տարի նշում է իր 60-ամյա տարեդարձը: Genealogy խմբի անդամներից մեկը կլինի նաև ավստրալահայ, իսկ թե ո՞վքեր կլինեն մյուս 5 ներկայացուցիչները, կիմանանք հերթականության սկզբունքով՝ առանձին-առանձին: Իսկ առաջին մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի 16-ին:
2015-ին Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի երաժշտության համաշխարհային մայրաքաղաքի համբավ ունեցող Վիեննայում: Հայաստանը կներկայանա մայիսի 19-ին՝առաջին կիսաեզրափակիչ փուլում։ Եվրոպական հեռարձակողների միության անդամ որոշ երկրներ, այդ թվում նաև Թուրքիան, տարբեր պատճառներով չեն մասնակցի մրցույթին: Մայիսին մեկ բեմում կհայտնվի 40 երկրի մշակույթ, 40 երկրի պատմություն: Հայաստանյան պատվիրակությունը հույս ունի, որ հենց այս տարի կկարողանա հասնել այդքան սպասված հաղթանակին: