Սպիտակ տունը հաստատել է 26-ամյա ամերիկուհի Քայլի Մյուլլերի մահը, որին 2013 թվականի օգոստոսին պատանդ էին վերցրել «Իսլամական պետության» գրոհայինները: Քայլիի սպանվելու մասին իսլամիստների ներկայացուցիչները հայտարարել էին դեռ օրեր առաջ: Նրանց վարկածով աղջիկը զոհվել է հորդանանյան օդուժի ռմբահարման ժամանակ, որն իրականացվել է Ռաքքա քաղաքի շրջանում:
Քայլիի ծնողները հրապարակել են իրենց աղջկա նամակը, որը նա ուղարկել էր անցյալ տարի Սիրիայից: Քայլին, որը կամավորական առաքելությամբ աշխատել է տարբեր թեժ կետերում, գրել է, որ մինչև վերջին րոպեն չի հանձնվելու և շարունակելու է օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն են զգում: Նախագահ Օբաման խոստացել է վրեժխնդիր լինել Քայլիի մահվան համար: