Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ժամը 12:00-ի տվյալներով ձյուն է տեղում Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Աշոցքի տարածաշրջանի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանների մի շարք գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները, Արթիկ-Ալագյազ, Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը եւ Սպիտակի ոլորանները: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները աղով և ավազով մշակում են ճանապարհները:
Վրաստանից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սաստիկ բքի եւ առատ ձյան պատճառով փետրվարի 9-ի երեկոյան Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում երկու ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել էին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր: Երեկոյան ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհաշինարարների ջանքերով մեքենաները դուրս են բերվել արգելափակումից, ապահովվել է ճանապարհի երկկողմանի երթևեկը: