Արդեն 10 տարի Հայ Առաքելական եկեղեցին հանդիսավորությամբ նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:
Արդեն 10 տարի Հայ Առաքելական եկեղեցին հանդիսավորությամբ նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այս տարի այն անցկացվեց հունվարի 31-ին` Առաջավորաց պահքի շաբաթ օրը:
Սրբի անունը կրող եկեղեցիներում առավոտյան պատարագ մատուցվեց, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Արդեն ավանդական դարձած երթը մեկնարկեց առաջնորդանիստ սբ Սարգիս եկեղեցուց:
Հոգեւորականների եւ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ երթի մասնակիցներն անցան Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով: Խաչվառի թափորի հետեւից հավատավորներին առաջնորդում էր հոգեւորական դասը:
Էլ ինչ տոն առանց երաժշտության: Զինվորական նվագախումբը սկզբից մինչեւ վերջ չդադարեցրեց տոնական քայլերգերը:
Արարատյան հայրապետական թեմը Սիրահարների այգում կազմակերպել էր «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով տոնական միջոցառում:
Տոնախմբությանը մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հոգևորականներ եւ բազմաթիվ երեւանցիներ:
Սուրբ Սարգիս զորավարին խորհրդանշող ձիավորը ամբողջ երթի ընթացքում ողջունում էր երիտասարդներին, սեր ու խաղաղություն մաղթում: