Բանակի օրը զինվորականների կյանքում քիչ է տարբերվում տարվա մյուս օրերից: Բանակի օրը բանակայինների համար տոնական է առատ սեղաններով ու փոխադարձ շնորհավորանքներով: Ու նաև երգ ու երաժշտությամբ:
ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» երգի համույթի կատարումները բոլոր զորամասերում տարին գոնե մեկ անգամ լսում են: Սիրված եւ ճանաչված երգերն ու քայլերգերը համույթի տղաները կատարում են մեծ վարպետությամբ ու սիրով:
Համացանցում «Զորական» համույթի անունը կապված է բացառապես մրցանակների ու տիտղոսների հետ: Հունվարի 28-ին ընդառաջ Առաջին ալիքը մասնակցեց համույթի փորձերից մեկին ու զրուցեց տոնական օրվան համ ու հոտ տվող զինվորների հետ:
Մայոր Արամ Գալստյանը 1995 թվականից համույթի ղեկավարն է: Երկու տասնամյակ ու տարին երկու անգամ հրամանատարն անձամբ ընտրում է իր զինվորներն: Զորակոչի ընթացքում դիմումներ ներկայացրած տղաները պետք է մի քանի չափորոշիչներ ապահովեն՝ երաժշտական կրթություն, երաշխավորագրեր տարբեր մասնագետներից եւ այլն:
Ինքը՝ Արամ Գալստյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը: Երիտասարդ երգչին 1993-ին վստահեցին Սպայի տան գեղարվեստական ղեկավարի, 2 տարի անց էլ՝ «Զորական» համույթի ղեկավարի պաշտոնը: Զինվորները լավ գիտեն՝ ծառայությունը հեշտ չէ, հրամանատարը երբեք չի մոռանում, որ իրենք, երգիչ լինելուց բացի, նաեւ զինվորական են: Առավոտյան վերկաց, վերակարգեր, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ պատիժներ:
Ցանկացած զորամասում «Զորականի» ելույթներին անհամբեր սպասում են: Համույթի ղեկավարի խոսքով՝ ամեն տարի այցելում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զորամասեր: Զինվորների՝ ամիսներ շարունակ անփոփոխ ու հաճախ հոգնեցնող առօրյան երգիչները տոնի են վերածում: Հաճախ լինում են նաեւ մարտական դիրքերում: Հատկապես խրամատում կանգնած զինվորն ունի նրանց ուշադրության կարիքը: Համույթի տղաները հպարտությամբ են խոսում իրենց «ոչ ֆորմալ» հյուրախաղերի մասին. հազար բեմ ու մրցանակ արժե: Չէ՞ որ «Զորականի» ձայնը սահմանի մյուս կողմում էլ լսելի է: Ամոթ չէ, ասում են, հակառակորդի զինվորներն էլ ակամա դառնում են իրենց հանդիսատեսը: Ինչ ուզում է լինի՝ պետք է երգել որքան հնարավոր է բարձր ու զիլ ձայնով:
Համացանցում «Զորական» բառը փնտրելիս հաճախ կտեսնեք «Վիվատ, Պոբեդա» բանակային երգի մրցույթ-փառատոնի անվանումը:
- 2-րդ տեղը մեզ ձեռնտու չէ,-ասաց համույթի ղեկավար Արամ Գալստյանը, երբ լսեց մրցույթ-փառատոնին իրենց մասնակցության մասին հարցը:
Իսկապես, նախկին ԱՊՀ երկրների շրջանում անցկացվող ամենամյա մրցույթից «Զորականը» միշտ պատվով է դուրս եկել: Գրեթե միշտ հաղթել են, վատագույն դեպքում՝ գրավել 2-րդ հորիզոնականը: