Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը եւ շարքային Արտակ Սարգսյանը:
Հակառակորդը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները: Ադրբեջանը ՀՀ եւ ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, շարունակում են անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300-ը: Հունվարի 22-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմանում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակումը: Մարտ է սկսվել, որը տեւել է կես ժամ: Հակառակորդը կորուստներ է կրել եւ, մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել: Ցավոք, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը եւ շարքային Արտակ Սարգսյանը: Պաշտպանության նախարարությունը կիսում է իր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-ասված է գրառման մեջ: