Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց:
Այս առնչությամբ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: ՀՀ առողջապահության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում»:
Ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնել էր, որ իրենք երեկ լուրջ քննարկել են իրավիճակը եւ միանշանակ արձանագրվել է, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ: «Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան երեխային: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր էր:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: