Հայաստանի Նախագահը պատասխանել է Ռեջեփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերին:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր էր ուղարկել՝ մասնակցելու 2015-ի ապրիլի 23-24-ին պատմական Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումներին: Չանաքքալեի հիշատակի միջոցառմանը հրավիրվել են Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր պետությունների ղեկավարները:
Հայաստանի Նախագահի արձագանքը հրավերին չի ուշացել: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը եւ բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաեւ համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա:
Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը եւ տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915-ի մարտի 18-ին եւ շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը:
Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես մլն անմեղ զոհերի հիշատակը»: