Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը Եվրամիության անդամ պետություններում եւ դրանց շուրջ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները:
Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Գագաթնաժողովից հետո Հայաստանի Նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաեւ առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար: Երկրի ղեկավարը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:
Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդարանական կառույցների շրջանակում: