Կան մարդիկ, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել հեռուստատեսությունը: Նրանց ներդրումը դրա կայացման գործում անփոխարինելի է: Հանրային հեռուստաընկերությունում նման մարդիկ շատ կան: Հեռուստատեսության նվիրյալները իրենց կյանքի ընտրությունը կատարում են մեկ անգամ և ընդմիշտ: Մենք ընտրեցինք Հանրային հեռուստաընկերությունում ամենաշատ աշխատանքային փորձ ունեցողներին, խնդրեցինք ընտանեկան արխիվներից վեր հանել հին լուսանկարներն ու տասնամյակներ անց նորից լուսանկարեցինք նրանց:
Արտյոմ Մխիթարյանը Հանրային հեռուստաընկերությունում է 1961-ից: Արդեն 53 տարի նա աշխատում է որպես ռեժիսոր: Հայտնի ասացվածքը, թե անփոխարինելի մարդիկ չկան, նրա դեպքում չի գործում: Արխիվային հազարավոր թողարկումներ ու տեսագրություններ նա պահում է աչքի լույսի պես: Միայն նա հինգ մատի պես գիտի դրանց բովանդակությունը:
Ալեքսանդր Մուրադյանը Հանրային հեռուստաընկերությունում է 1969-ից: 44 տարվա ընթացքում հասցրել է տասնյակ պաշտոններ զբաղեցնել՝ հերթափոխի ինժեներից մինչև արտադրամասի պետ: Հին լուսանկարում նա մոսկովյան օլիմպիադայից հաղորդվող ռեպորտաժի վահանակի մոտ է:
Վանիկ Գևորգյանը Հանրային հեռուստաընկերությունում է 1975-ից: Չորս տասնամյակ աշխատում է որպես հերթափոխի ինժեներ: Նախապես տեսագրված հաղորդումները հենց նրա ձեռքի տակով են անցնում:
Սլավա Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբանն է 1972-ից: Նա էր ավետում բոլոր այն կարևոր հաղթանակներն ու մարզական ձեռքբերումները, որոնք Հայաստանում հերթական տոնախմբության առիթ էին դառնում:
Մենք առանձնացրեցինք Հանրայինի նվիրյալներից միայն մի քանիսին, մինչդեռ հեռուստատեսությանն անվերադարձ սիրահարված մարդիկ այստեղ շատ կան։ Նրանք շարունակում են աշխատել և իրենց տարիների փորձը փոխանցել հեռուստատեսության նոր սերունդներին։