A խմբում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկո Մադրիդը» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հեթ տրիկի օգնությամբ սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»: Առաջատարին հետապնդող Թուրինի «Յուվենթուսը» Ֆերնանդո Լյորենտեի և Կարլոս Տևեսի գոլերի շնորհիվ մրցակցի խաղադաշտում պարտության մատնեց շվեդական «Մալմյոյին»՝ 2:0:
B խմբում Մադրիդի «Ռեալը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Արդեն փլեյ-օֆի ուղեգիր ապահոված արքայական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ: Խմբի մյուս խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2-2: Ընդ որում, մինչև 88-րդ րոպեն անգլիացիներն առջևում էին հաշվի մեջ, սակայն բաց թողեցին հաղթանակը:
C խմբում «Մոնակոն» Օկամպոսի գոլի օգնությամբ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ փլեյ-օֆի ուղեգիր նվաճած Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Նույն հաշվով «Զենիթը» Դանիի գոլի օգնությամբ հաղթեց «Բենֆիկային»:
D խմբում Դորտմունդի «Բորուսիան» Լոնդոնում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին»: Երկրորդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն առաջ մղեց դաշտի տերերին: 57-րդ րոպեին հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Մնացած ժամանակահատվածում «Բորուսիան» չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար և առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:
Խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխտը» տանը 2:0 հաշվով հաղթեց Ստամբուլի «Գալաթասարային»՝ ապահովելով խմբում երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի ուղեգիրը: